11,758 view

Աշխատանքային այց Ապարանի Օրհուս կենտրոն

24.01.2014
Հունվարի 24-ին Ապարանի Օրհուս կենտրոն էին այցելել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերի պատասխանատու Թ. Դեմբսկինու, Շրջակա միջավայրի պահպանության հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել տարածաշրջանում գոյություն ունեցող բնապահպանական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կենտրոնի կատարած աշխատանքները, ծանոթանալ ձեռքբերումներին ու դժվարություններին, ինչպես նաև շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության տարածման, հասարակության մասնակցության ու համագործակցության
հնարավորությունների ուղղությամբ կենտրոնի ձեռնարկած քայլերին: Կարևորելով հասարակական գործընթացներին ազգային փոքրամասնությունների լիարժեք ներգրավման, ինչպես նաև համայնքային խնդիրների լուծմանն ուղղված բնակիչների մասնակցության հարցը, Օրհուս կենտրոնում կայացած հանդիպումից հետո, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչները Օրհուս կենտրոնի համակարգողի ուղեկցությամբ ուղևորվեցին մարզի ազգային փոքրամասնությունների` եզդիների ամենամեծ Ալագյազ համայնքը:
Գյուղապետարանում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ հանդիպում համայնքի ղեկավարի, աշխատակազմի ներկայացուցիչների և բնակիչների հետ:Հանդիպման մասնակիցները քննարկեցին համայնքի սոցիալ-տնտեսական, բապահպանական, նաև ազգային ավանդույթների և մշակութային արժեքների պահպանման խնդիրներին վերաբերող հարցեր:
Ինչպես նշեց համայնքապետը, համայնքի գլխավոր հիմնախնդիրն են աշխատատեղերի բացակայությունը, կենցաղային վատ պայմանները, գյուղատնտեսական մթերքների իրացման դժվարությունները, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման անհրաժեշտությունը, խմելու ջրագծերի վերականգնումն ու վերակառուցումը, աղբահեռացումն և հատկապես` գազիֆիկացումը:
Երկարատև ձմեռների և այլընտրանքային էներգիայի աղբյուրների բացակայության պայմաններում բնական գազի մատակարարումը չափազանց հրատապ է գյուղի համար: Միաժամանակ գազի առկայությունը վառելափայտի տնտեսման հնարավորություն է, որն իր հերթին նշանակում է շրջակա միջավայրի, էկոհամակարգերի պահպանում, բարելավում:
Ցավոք, նշված խնդիրները լուծելու գլխավոր խոչընդոտը ֆինանսական միջոցների անբավարարությունն է:

Աշխատանքային այցի հաջորդ կետը, ծրագրի համաձայն, Ալագյազի հարևանությամբ գտնվող Մելիքգյուղ համայնքն էր: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի և բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Թուխմանուկի ոսկու հանքի շահագործման և շրջակա միջավայրի հետ անմիջական առնչություն ունեցող սոցիալական, առողջապահական, արտադրական անվտանգության, համայնքի զարգացմանը խոչընդոտող հարցեր: Բնակիչներն ու հյուրերը խոսեցին համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարի և հնարավորությունների, զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցների և այլընտրանքային աղբյուրի ներգրավման, սոցիալ – տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին:

Քննարկումներով և տպավորություններով հագեցած աշխատանքային այցն եզրափակեց հանդիպումը Արայի, Արագած, Շենավան, Հարթավան, Վարդենուտ գյուղերի համայնքապետերի և Ազգային ժողովի պատգամավորի հետ: Ապարանի տարածաշրջանի այս հինգ համայնքների գլխավոր հիմնախնդիրը մշակովի հողատարածությունները սնող Քասաղի վտակ Գեղարոտ գետի վրա կառուցված ու գործող երկու փոքր ՀԷԿ-երն են: Նախատեսվում է կառուցել երրորդ ՀԷԿ-ը: Թե՛ համայնապետերի, թե՛ բնակիչների պնդմամբ գործող ՀԷԿ-երի պատճառով արդեն փոխվել է ինչպես գետի ջրի որակն, այնպես էլ՝ քանակը, և նշված համայնքները կանգնած են ջրազրկման վտանգի առաջ՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական հետևանքներով:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru