12,973 view

Սևանա լճի ջրի վրա իրավունք ունի նաև այն երեխան, որը կծնվի այս մարզում 500 տարի հետո

26.04.2014
Սևանից հավելյալ ջրբացթողման մասին ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելու մասին նախագիծն ու Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման անվան տակ լճում ցանցային տնտեսության միջոցով ձկնաբուծության ծրագրի նախագիծը վրդովեցրել էին բնապահպաններին, մասնագետներին ու հատկապես Սևանի ավազանի բնակիչներին: Վերջիններս նամակ էին հղել ՀՀ նախագահին՝ պահանջելով դադարեցնել այս երկու ծրագրերի ընդունման գործընթացը և հետևողական լինել Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնության հուշարձանների ցանկում ընգրկելու գործում:
Չստանալով իրենց հուզող հարցին ցանկալի լուծում տալու պատասխանը կամ անգամ մի քայլ այդ
ուղղությամբ՝ քաղաքացիական հասարակությունն իր դժգոհությունը հայտնեց երթի միջոցով: Ապրիլի 25-ին Սևանի պաշտպանները քայլերթ կազմակերպեցին: Սևան քաղաքի միջով քայլելով դեպի «Սևան» ՀԷԿ-ի տարածք՝ նրանք վանկարկում էին
«Սևանը չենք տա օլիգարխներին», «Փրկենք Սևանը»: Քայլերթի կազմակերպիչները համոզված են, որ. «Չկա Սևան, չկա Հայաստան», «Սևանա լճի նկատմամբ իրավունք ունի նաև այն երեխան, որը ծնվելու է այս մարզում 500 տարի հետո»:Մինչ այդ՝ ապրիլի 11-ին Սևան քաղաքում(Օրակարգ, մասնակիցների ցուցակ) և ապրիլի 15-ին՝ Գավառում(Օրակարգ, մասնակիցների ցուցակ), Էկոլուր ՀԿ-ն և Գավառի Օրհուս կենտրոնը համատեղ, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «ԲԼԵՋԱՆ» տեղական ՀԿ-ների աջակցությամբ, «Հասարակական քարոզարշավ ի պաշտպանություն Սևանա լճի ու Արարատյան դաշտի» նախաձեռնության շրջանակներում իրազեկման հանդիպում-քննարկումներ էին իրականացրել քաղաքացիների հետ: Հանդիպումներին փորձագետները հանրությանն էին ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ենթադրյալ փոփոխությունների շուրջ ստեղծված իրավիճակը, հասարակության իրավունքների խախտումները՝ կապված Սևանա լճին առնչվող կառավարական որոշումների հետ, այդ որոշումների սպասվելիք ազդեցությունը Սևանա լճի էկոհամակարգի և ջրի որակի վրա: Քննարկումների մասնակիցները միաձայն դեմ էին արտահայտվել այդ երկու նախագծերի վերաբերյալ ու մինչև վերջ պայքարելու որոշում կայացրել:Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լ. Գալստյանի խոսքով Սևանա լիճը հայ ժողովրդինն է և լճի հանդեպ որևէ գործողություն կատարելիս՝ առաջին հերթին պետք է հաշվի առնել ժողովրդի և բնության շահը: Քայլերթի ժամանակ նա Սևանի բնակիչներին կոչ արեց լինել պահաջատեր և թույլ չտալ, որպեսզի կաբինետներում նստած, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Սևանի վերաբերյալ որոշումներ կայացվեն:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ա. Շահնազարյանը նշեց, որ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ավազանի բնակիչները նույնիսկ Սևանա լիճ ձկնորսական կարթ նետելու իրավունք չեն
ունենա: Ուստի, նրա կանխատեսմամբ, ոչ միայն էկոլոգիական աղետ է սպասվում, այլև՝ սոցիալական: «Իրենք բացարձակապես մոնոպոլիզացնում են, դարձնում են իրենց ձեռքի սեփական ձկնաբուծական գյոլը մի հսկա, կարևորագույն ջրային ռեսուրս, որը պատկանում է ժողովրդին»,-ասաց Ա. Շահնազարյանը:

Սևանի քաղաքապետարանի մոտ կանգ առնելով՝ քայլերթի մասնակիցները կոչ արեցին քաղաքապետին միանալ հասարակության պայքարին: Քայլերթի մասնակիցներին ողջունում և ոգևորում էին պատահական անցորդները և այն
բնակիչները, ովքեր տեղյակ չէին վերոնշյալ ծրագրերից:

Տեղեկացնենք, որ օրենսդրական վերոնշյալ նախաձեռնությունների հեղինակներին Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լ. Ասոյանն առաջարկել էր իրազեկման ակցիաներ, հանդիպումներ կազմակերպել Սևանի ավազանի հանրության հետ ու այդ հարցում օգնելու պատրաստակամություն հայտնել: Սակայն առաջարկն արձագանք չէր ստացել:

Քայլարշավի ընթացքում հանրությանն է ներկայացվել ՀՀ նորանշանակ վարչապետ Հ. Աբրահամյանին ուղղված բաց նամակը, որի տակ ստորագրել են 1000-ից ավելի քաղաքացիներ:

Բողոքի ակցիան շարունակվելու է Երևանում՝ ապրիլի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com