13,255 view

«Զանգեզուր» կենսոլորտային արգելոցի հիմնման նպատակով համայնքային տարածքների տրամադրման գործընթացը

23.04.2014
ՀՀ Սյունիքի մարզում «Զանգեզուր» կենսոլորտային արգելոցի հիմնման գործընթացում, բացի գոյություն ունեցող պետարգելոցի և պետարգելավայրերի ու ազգային պարկի տարածքներից, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող տարածքների համար համայնքների ավագանիները հողերի կատեգորիան փոխելու որոշումներ են կայացրել՝ հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման նպատակով: Միմյանց հարևանությամբ գտնվող ՀՊՏ-ների միավորմամբ էլ ստեղծվել է «Զանգեզուր» կենսոլորտային արգելոցը:
Ստորև ներկայացվում է տեղեկատվություն ըստ համայնքների լրացուցիչ ավելացված տարածքների

վերաբերյալ, այդ թվում տարածքների կատեգորիայի և գործընթացի անցկացման:

Գործընթացի շրջանակներում համայնքային տարածքների տրամադրման վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել բոլոր համայնքներում, այդ թվում նաև Շիկահողում, սակայն հետո Շիկահող համայնքից տարածքի տրամադրումը հանվել է, քանի որ այն առանց այն էլ ամբողջովին շրջապատված է արգելոցով:
Ի տարբերություն Շիկահողի, Անտառաշատ համայնքի ղեկավար Ա. Դավթյանի տեղեկացմամբ համայնքում տեղի ունեցած քննարկմանը գյուղացիները դեմ են արտահայտվել և ավագանին, հաշվի առնելով գյուղացիների կարծիքը, տարածքի տրամադրման համաձայնություն չի տվել:

Ծավ համայնքին պատկանող հողերից տրամադրվել է 1000 հա-ից ավելի տարածք, հիմնականում ալպիական գոտիներ, որոշ տարածք՝ արոտավայրեր: Համայնքապետ Ս. Զաքարյանի հավաստմամբ գյուղացիները տեղեկացվել են, նրանց խոստացել են ծրագրեր իրականացնել, աշխատատեղեր բացել, միաժամանակ վերոհիշյալ տարածքներում անասունների արածեցումը թույլատրելու պայմանավորվածություն է ձեռքբերվել: Համայնքի ունեցած խոտհարքներն ու արոտավայրերը կարող են բավականացնել անասունների ավելի մեծ գլխաքանակի, քան այսօր գյուղում առկա է:
Ճակատեն համայնքում տեղի է ունեցել ավագանու նիստ և որոշում կայացվել 1162.22 հա տարածքի տրամադրման վերաբերյալ, որի կազմում կան անտառներ, բացուտներ, արոտավայրեր:

Գեղանուշ համայնքի գյուղապետ Ի. Կոստանդյանի տեղեկացմամբ ավագանին որոշել է «Հավանություն տալ համայնքի վարչական սահմաններից պետական սեփականություն հանդիսացող 1154.93 հա հողերը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի փոխարինելու և «Խուստուփ» արգելավայրում ընգրկելու համար»: Նշված տարածքի մոտ 600 հեկտարն արոտավայր է: Գյուղապետը վստահեցրեց, որ այդ տարածքների սահմանագծերում կտեղադրվեն նշակետեր, կճշտվեն տարածքները՝ «դեֆակտո»: Ավագանու նախնական համաձայնությանը կհաջորդի քննարկում հաստատված տարածքների վերաբերյալ և կկազմվի տարածքների տրամադրման մասին ավագանու նոր որոշում:

Ձորաստան համայնքը փոքր է, անգամ դպրոց չունի, բնակիչները հիմնականում տարեց մարդիկ են, հետևապես դաշտերն ու այգիները գրեթե չեն մշակվում: Համայնքի ղեկավար Ա. Ավետիսյանի տեղեկացմամբ ավագանու նիստում քննարկվել է տարածքների տրամադրման խնդիրը և 960հա, հիմնականում ալպիական գոտիներ, հատուկ պահպանվող տարածքի տրամադրման մասին որոշում է կայացվել:

Տաթև համայնքի տարածքից տրամադրվել է 913.19 հա տարածք: Գյուղապետ Մ. Սիմոնյանի հավաստմամբ որոշման մասին գյուղացիները տեղյակ են: Տրամադրված տարածքը դեպի Արամազդի գագաթը ձգվող ապառաժներ են, ուր անասունները արածելու չեն գնում:

Լեռնաձոր համայնքի ղեկավար Ս. Պետրոսյանի տեղեկացմամբ նախնական հանդիպման ժամանակ լեռնաձորցիները չեն համաձայնվել գյուղի 500 հա արոտավայրերը տրամադրելու մտքի հետ, բայց հետագայում համաձայնության են եկել Լեռնաձոր համայնքի վարչական տարածքի մեջ մտնող լքված գյուղերի տարածքներից 500հա հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի փոխարինելու և «Զանգեզուր» արգելավայրում ընգրկելու համար:

Չնայած Նոր Աստղաբերդ համայնքը նախնական հանդիպման ժամանակ համաձայնություն էր տվել տարածքների տրամադրման վերաբերյալ, բայց լեռնահանքային հետախուզական աշխատանքների պատճառով այդ տարածքները չեն կարող ընդգրկվել պահպանվող տարածում, տեղեկացրեց համայնքի ղեկավար Ս. Թևանյանը:

Դաստակերտ համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանի տեղեկացմամբ ավագանու նախնական քննարկման ժամանակ, բնակիչների մասնակցությամբ, որոշում է կայացվել 1148.75հա հողեր հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի փոխարինելու և «Զանգեզուր» արգելավայրում ընգրկելու համար՝ պայմանով, որ հետագայում այդ տարածքների օգտագործման ժամանակ խոչնդոտներ չլինեն, համայնքին տրամադրեն աշխատատեղ և լուծեն համայնքի կողմից առաջադրվող որևէ խնդիր: Հակառակ դեպքում որոշումը կհամարվի անվավեր: Արվել են առաջարկություններ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու համար, քանի որ նախկին կանոնադրությամբ հատուկ պահպանվող տարածքներում արածեցումը և հողատարածքներում խոտհունձը արգելվում է: Ծրագրի ղեկավարը խոստացել է կատարել այդ փոփոխությունները:
Նախնական հանդիպումների ժամանակ ծրագրի ղեկավարությունը բոլոր համայնքներում տեղացիներին աշխատատեղերով ապահովելու խոստումներ է տվել: Համայնքներն իրենց վարչական սահմաններում գտնվող տարածքների մի մասից «հրաժարվելու» որոշումն ընդունել են հաշվի առնելով, որ խոչընդոտներ չեն առաջանա համայնքի բնակիչների կողմից տվյալ տարածքում խոտաբույսերի հավաքման, խոտհունձի, անասունների արածեցման, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի ցանքս իրականացնելու համար:

2013թ. մարտի 13-ին Կապանի Օրհուս կենտրոնում ՀՀ ԲՆ և «Բնության համաշխարհային հիմնադրամի» կողմից, ՄԱԶԾ ԳԷՀ –ի աջակցությամբ տեղի ունեցած «Պահպանվող տարածքների համակարգի զարգացումը» ծրագրի հանրային քննարկմանը ծրագրի ղեկավար Կ. Ճենտերեջյանն ու համակարգող Ալլա Բերբերյանը տեղեկացրին, որ կընդլայնվի «Զանգեզուր» պետարգելավայրը (9291.79հա) և կստեղծվի «Խուստուփ» պետարգելավայրը (6946.74հա): Կպահպանվի և կզարգանա կենսաբազմազանությունը, գյուղական համայնքներում կիրականացվեն համայնքների սոցիալ տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր:

Քննարկման ընթացքում ի հայտ եկան մի շարք անճշտություններ: Օրինակ հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքը մտնում էր կենսոլորտային պահպանավայրի տարածքի մեջ, կամ գյուղական համայնքի բնակելի տունը սահմանակից էր այդ տարածքներին: 10-օրյա ժամկետում նշված անճշտությունները վերացնելու համար առաջարկություններ ներկայացնելու որոշում կայացվեց:

2013թ օգոստոսի 9-ին տեղի ունեցավ «Խուստուփ» և «Զանգեզուր» պետական արգելավայրեր ստեղծելու-ընդլայնելու ծրագրի ընթացքում առաջացած խնդիրների, ՀՀ Կառավարության որոշման նախագծում (նախագիծը ընթերցվեց, սակայն ներկաներին չտրամադրվեց՝ նախագիծը փոփոխելու նպատակով վրան կատարված նշումների պատճառաբանությամբ) տեղ գտած մի քանի կետերի քննարկում, որոնք սահմանափակում են համայնքի բնակչության մուտքը իրենց իսկ կողմից տրամադրվելիք տարածքներ: Օրինակ՝ տարածք մտնելու համար պետք է ունենան անցաթուղթ, տրակտորն այդ տարածքով անցնելիս ճանապարհից չպետք է դուրս գա և այլն, այսինքն՝ համայնքի կողմից այսօր օգտագործվող այդ տարածնքներ գյուղացիների անարգել մուտքը առանց թույլատրության չի կարող տեղի ունենալ, ցանքս անելու մասին խոսելն էլ ուղղակի անիմաստ է:

Կ. Ճենտերեջյանն ընդունեց նույն հարցի վերաբերյալ պետարգելավայրերի կանոնադրության և կառավարության որոշման նախագծի հակասությունները և խոստացավ կատարել առաջարկություններ կառավարություն նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ապա տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
Ապրիլի 22-ի դրությամբ խոստացված փոփոխված կառավարության նախագիծը կամ որոշումը ներկայացված չէ հանրությանը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /+374 93/ 79 59 21
Էլ. փոստ. info_kapan@aarhus.am, kapan.aarhus@mail.ru

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ