12,445 view

Ինչո՞ւ է փոխվել Գեղարոտ գետի ջրի գույնը

22.04.2014
Ապարանի տարածաշրջանի վեց համայնքների` Արայի, Վարդենուտ, Արագած, Ափնա, Հարթավան, Շենավան գյուղերի մշակովի հողատարածություները սնող Գեղարոտի գետի վրա 2008թ-ից «Մաքուր զարգացման մեխանիզմ» (ՄԶՄ) ծրագրի շրջանակում իրականացվում է Փոքր հիդրոէլեկտրակայանների կասկադների շինարարություն:
Արդեն կառուցվել ու գործում են երկու ՓՀԷԿ: Նախատեսվում է կառուցել երրորդը: Տարածաշրջանի գյուղերի թե՛ համայնքապետերի, թե՛ բնակիչների պնդմամբ գործող երկու ՀԷԿ-երի պատճառով գետի ջրի որակը փոխվել է և պիտանի չէ ո՛չ ոռոգման, ո՛չ էլ կենդանիների համար:

ՓՀԷԿ-երից վեր գետի ջրի և գետի հունի որևէ տեսանելի փոփոխություն չի նկատվում, իսկ ահա ՀԷԿ-երից ներքև, գյուղացիների պնդմամբ, ՀԷԿ-երի գործունեության արդյունքում գետի ջրի գույնը փոխվել է և նրանք ստիպված են հողերը ոռոգել «ժանգագույն» ջրով:

Նշենք, որ խնդիրը նոր չէ, հարցն էլ բազմիցս բարձրացվել է և 2012թ-ից գտնվել է թե՛ բնապահպանների և թե՛ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում (Տես CIVILNET –ի կից տեսանյութը):

Հիշեցնենք, որ ս/թ փետրվարին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերի պատասխանատուները, Ազգային ժողովի պատգամավորը և Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգողը այցելել էին Արագած համայնք վերը նշված գյուղերի համայնքապետերի հետ հանդիպելու և ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով, իսկ մարտ ամսին Տարածքային Կառավարման նախարարությունում մեկ այլ ՀԷԿ-ի նախագծի հարցով հանդիպման ժամանակ Ապարանի Օրհուս կենտրոնի կողմից հարցը ներկայացվել է փոխնախարար Ա. Բախշյանին:Այսօր, երրորդ ՓՀԷԿ-ի կառուցման լուրը կրկին անհանգստության ալիք է բարձրացրել գյուղացիների շրջանում, որոնց կարծիքով տարեց տարի Գեղարոտ գետի որակն ավելի է վատանում ու դառնում բնապահպանական ու սոցիալական խնդիրների պատճառ: Համոզվել կարելի է դիտելով www.a1plus.am կայքի կից տեսանյութը:

Հայտնի է, որ վերը նշված տարածաշրջանների բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է ու անասնապահությունը: ՀԷԿ-երի անբարենպաստ ազդեցության հետևանքով համայնքները հայտնվելու են կենսական նշանակություն ունեցող խնդրի առաջ, զրկվելու են Գեղարոտ գետի ջրով հողատարածքները ոռոգելու հնարավորությունից:

Արձագանքելով «Ա1+»-ի տեսանյութում բարձրացված խնդրին` Բնապահպանության նախարարությունում բացվել է թեժ գիծ, տեղեկացնում է «Ա1+»-ը:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru