12,627 view

ՀՀ-ում չկա համայնքների ընդհանուր օգտագօրծման կանաչապատ տարածքների կառավարման հստակ քաղաքականություն

16.04.2014
Գյումրու Օրհուս կենտրոնը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Գյումրիում ապօրինի ծառահատումների ու ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում իրականացվող ոչ ճիշտ էտի խնդիրներին, իրազեկել այդ մասին հանրությանը և ներկայացրել իրավիճակը:
Միայն այս տարվա ընթացքում հարցազրույցներ են տրվել երեք լրատվամիջոցների` փետրվարի 4-ին`«Շրջապատ» շաբաթաթերթ (տեսեք կից հոդվածը), մարտի 10-ին` «Ցայգ» ՀԸ (http://tsayg.am/mainpage/7601-insls-eu-sl-usl.html, http://www.youtube.com/watch?v=EssSYwaobbE) և ապրիլի 15-ին հրապարակվել է «Հետք»-ի թղթակցին

տրված հարցազրույցը, որն անդրադարձել է ոչ միայն ծառահատումների ու էտի հետ կապված խնդիրներին, այլ նաև ՏԻՄ-երի կողմից կանաչապատ տարածքների կառավարման և տեղական ինքնակառավարման խնդիրներին ընդհանրապես (http://hetq.am/arm/news/54019/gyumrium-tsareri-ety-katarvum-e-komunal-bazhni-peteri-tchashakov.html#.U00A2R-o8uQ.facebook ):

Փորձը ցույց է տալիս, որ հաճախ սանիտարական էտ անվան տակ կատարվում են պարզապես հատումներ` վառելափայտ ստանալու կամ կանաչ տնկարկներից «անհրաժեշտ» տարածքներն ազատելու նպատակով: Դա կարելի է նկատել անգամ անզեն աչքով, քանի որ հատում են ոչ միայն ծերացած ու հիվանդ ծառերը, այլև երիտասարդ` 10-15 տարեկան ծառերը կամ գլխատում են առողջ ծառերը, որոնց էտը կամ հատումը բացարձակապես անտրամաբանական է:

Անգամ վնասված և շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող ծառերի հարկադիր էտի իրականացման համար չկան ոչ մի նորմատիվաիրավական փաստաթղթով սահմանված նորմեր կամ չափանիշներ: Էտի նորմերը սահմանված չեն նաև ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N 1318-Ն որոշման մեջ, որը հաստատում է բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը:

Մոտ մեկ ամիս առաջ խորը էտվել են Գյումրու Հաղթանակի զբոսայգու սկզբնամասում գտնվող ծառերը, որտեղ տեղադրել էին անցած տարի կայացած քանդակագործների սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները: Վերջիններիս մշակութային արժեքը խիստ կասկածելի է, բայց արդեն հասցրել են դառնալ զանգվածային խորը էտի պատճառ: Անիմաստ էտի տակ են ընկել նաև Երևանյան խճուղու, Հաղթանակի պողոտայի վերջնամասի, Խաղաղության օղակի և քաղաքի այլ հատվածներում գտնվող կանաչ տնկարկները:

Թարմ օրինակ է նաև Ռիժկովի ճեմափողոցում գործող սրճարանների դիմացի տարածքներում բացօթյա տաղավարներ կառուցելու նպատակով կատարված ծառահատումները:

Եթե, իբր անվտանգության նկատառումներից ելնելով, առանց խելամիտ հիմնավորման մեկ սեփականատիրոջ տրվել է ծառ էտելու կամ հատելու թույտվություն, ապա 2-րդին, հետո էլ 3-րդին քաղաքապետարանը նույն հարցում չի կարող մերժել: Մեկ սխալն իր հետևից բերում է սխալների շարք: Սա էր պատճառը, թերևս, որ Վարդանանց հրապարակի եղևնիների հատման այդքան մեծ հնչեղություն ստացած հարցը բնապահպանական հիմնախնդրից հետագայում վերածվեց սկզբունքային քաղաքացիական դիրքորոշման: Եթե հասարակությունը զիջեր ու այդտեղ թույլ տար թեկուզ մեկ եղևնու հատում, ապա իրար հետևից հատվելու էին բոլոր ծառերը, փոխարենը մայթերին հայտնվելու էին կցակառույցներ:

Տեղական ինքնակառավարման մարմինները կանաչապատ տարածքների կառավարման ուղղությամբ անհեռատես քաղաքականություն են վարում մի քաղաքում, որն օդի աղտոտվածության մակարդակով հանրապետությունում զբաղեցնում է երրորդ տեղը` Արարատ և Հրազդան քաղաքներից հետո (հաշվի առնենք, որ այդ քաղաքներում կան գործող ցեմենտի արդյունաբերության խոշոր ընկերություններ):

Տեղական ինքնակառավարման մարմինները չունեն կանաչապատ տարածքների կառավարման ոչ մի իրավական հիմնավորում, Գյումրի քաղաքում այսօր իրականացված չէ նույնիսկ կանաչապատ տարածքների պարզագույն հաշվառում և ուսումնասիրություն, որպեսզի պարզվի, թե այդ տարածքներից որքանն է պահպանված, ի՞նչ վիճակում են կանաչ տնկարկները, ի՞նչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, որքա՞ն հատվածն է կառուցապատման արդյունքում ավերադարձ ոչնչացված, որքանը` պատված ժամանակավոր շինություններով և այլն:

Այսօր Գյումիում կանաչապատ տարածքների կառավարման ուղղությամբ կատարվող հիմնական գործողությունները անիմաստ ցուցադրական ծառատունկերն են (քանի որ քաղաքում չկա ոռոգման ցանց) և ծառերի զանգվածային չհիմնավորված խորը էտը:

Այս պայմաններում անհրաժեշտություն է առաջացել նորմատիվաիրավական փաստաթղթերով կարգավորել բնակավայրերի կանաչապատ տարածքների կառավարումը` նախ հստակեցնելով պետական քաղաքականությունը այդ ոլորտում և սահմանելով չափանիշները, ապա յուրաքանչյուր համայնք, ելնելով իր համայնքային միջավայրի առանձնահատկություններից, պետք է մշակի կանաչապատ տարածքների կառավարման տեղական քաղաքականությունը, ռազմավարությունը և գործունեություն ծավալի բացառապես նորմատիվաիրավական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Այլապես մեր հասարակությունը ստիպված կլինի անընդհատ կորցնել ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները համայնքներում, որոնք ագահաբար զավթվում են գործարար ոլորտի կողմից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հանցավոր լռության և համաձայնության պայմաններում:

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ./374 312/ 3 29 13, /374 093/ 71 45 33
Էլ. փոստ՝ info_gyumri@aarhus.am, biosophia@gmail.com