12,264 view

Փորձի փոխանակում Ղրղզստանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև

11.04.2014

Հայաստանի էներգետիկ ոլորտի ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով ապրիլի 9-13-ը մեր երկրում էին Ղրղզստանի Էներգետիկայի նախարարությանն առընթեր խորհրդի անդամներ Ն. Կռավցովն ու Կ. Ումուռալիևան: Նրանք հանդիպումներ են ունեցել ոլորտի պետական այրերի հետ, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նրանք նաև Ասիական զարգացման բանկի ծրագրերի մշտադիտարկմամբ զբաղվող հասարակական ֆորումի անդամներ են, ուստի իրենց հայաստանյան գործընկերների հետ նախապես ձեռքբերած պայմանավորվածության համաձայն հանդիպում ունեցան նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ու կիսվեցին Հայաստանում ստացած իրենց տպավորություններով:

Ն. Կռավցովը զարմանք հայտնեց, տեղեկանալով, որ քաղաքապետարանը շահագրգիռ չէ մայրաքաղաքում կենտրոնացված ջեռուցման համակարգի վերականգնման հարցում: Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ միջազգային էկոլոգիական ֆոնդերի աջակցությամբ մեկնարկած ու մասնավորի ներգրավման հարցում հաջողություն գրանցած այդ նախաձեռնությունը փակուղի է մտել, գործը հասել է անգամ Եվրոդատարան: Ի տարբերություն Հայաստանի, Ղրղզստանի քաղաքացիական հասարակույթյունը ջանում է պահպանել կենտրոնացված ջեռուցման համակարգը: Ջեռուցման սեզոնին, օրինակ, Ն. Կռավցովի հավաստմամբ, 80քմ մակերես ունեցող բնակարանի ջեռուցման համար քաղաքացին վճարում է ընդամենը 20 դոլարին համարժեք գումար, իրական ծախսի մնացած մասը հոգում է պետությունը:

Հասարակական ակտիվիստ Կ. Ումուռալիևայի պնդմամբ Ղրղզստանում քաղաքացիական բացասական արձագանք է ստանում էլեկտրաէներգիայի, բնական գազի կամ ջեռուցման սակագնի թանկացման ցանկացած նախաձեռնություն: Նա զարմանք հայտնեց, որ էլեկտրաէներգիայի դիմաց մենք վճարում ենք 5 անգամ ավելի, քան իրենք ու մեր դժգոհությունը չենք արտահայտում:

Ս. Ադամյանը նկատեց, որ Ղրղզստանում կառավարությունը կարևորում է հասարակական կարծիքը: Սակայն Կ. Ումուռալիևայի կարծիքով Ղրղզստանի քաղաքացիական հասարակության հաջողության գրավականը համառ պայքարն է և հիմնավոր օրենսդրությունը: «Որպես քաղաքացիկական գործիչ՝ իմ խնդիրը հիմնավոր, խելամիտ մոնիթորինգ իրականացնելն է, առաջարկություններ մշակելն ու կառավարությանը ներկայացնելը, ապա ամեն օր զանգահարելն ու հարցնելը, թե՞ որ փուլում է մեր առաջարկների ընդունման գործընթացը»:

Ղրղզստանցի հյուրերն ապրիլի 13-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետություն`ուսումնասիրելու նաև նրանց փորձը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com