12,253 view

Օրհուս կենտրոնների գործունեության ուղղությունները 2014թ.: Աշխատանքային հանդիպում

26.03.2014
Մարտի 26-ին տեղի ունեցավ Օրհուս կենտրոնների աշխատանքային հանդիպումը: Օրակարգում Օրհուս կենտրոնների գործունեության հետ կապված հետագա զարգացումներն ու պլաններ էին, ՇՄԱԳ օրենքի նախագծի և հանքաարդյունաբերության հետ կապված հարցերի քննարկում, ՌԻՈ + գործընթացների ներկայացում:
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Բնապահպանական ազգային ծրագրերի պատասխանատու Գ. Ղազինյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարվա աշխատանքի համար, կարևորեց միջազգային հանդիպումներին Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների հաջող մասանակցությունը
(Ժնև 16-17 դեկտեմբերի, Վիեննա 26-27 հունվարի): Նա ողջունեց նաև Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողի ԵԱՀԿ մոդելի երիտասարդ դեսպան ընտրվելու հանգամանքը: Գ. Ղազինյանի խոսքով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ու քաղաքացիական հասարակությանն աջակցման ծրագրով տարված աշխատանքը ծիլեր է տվել, Օրհուս կենտրոնների գործունեությունը խթան է հանդիսացել քաղաքացիական նախաձեռնությունների մեկնարկի համար: <<Այժմ քաղաքացիական հասարակույթունն իր իրավունքները օրենքով պաշտպանելու աջակցության կարիք ունի, ինչի մասին էլ կենտրոնները նամակ են գրել ԱԺ նախագահին>>,_ նշեց նա:

Գ. Ղազինյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է Օրհուս կենտրոնների կարգավիճակի` հիմնադրամի ստեղծման գործընթացը: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում համատեղ ՀՀ կառավարության, մասնավորապես Բնապահպանության նախարարության:

ԵԱՀԿ փորձագետ Ն. Վարդանյանը ներկայացրեց ՇՄԱԳՓ օրենքի նախագծի թերություններն ու բացթողումները: Նրա գնահատմամբ նոր օրենքի նախագծի շատ կետեր նահանջ են և այս վիճակով օրենքի ընդունումն անթույլատրելի է: Հստակ չեն գործողությունների հերթականությունը, ժամկետները, մեխանիզմները: Նախագծի լրամշակումը նրա կարծիքով պետք է սկսել հենց վերնագրից: Ուպես օրինակ փորձագետը նշեց, որ նախագծի 7-րդ հոդվածի 1-8-րդ կետերում անշարժ բառը պետք է հանել. <<խաչքարերն, օրինակ շարժական են, ու եթե դրանք անտեսենք, պատմական ու մշակութային արժեքների անվերադարձ կուրուստ կունենանք>>: Նախագիծը հակասում է ՀՀ Ընդերքի և Տեխնիկական կանոնակարգման մասին օրենքներին, Օրհուսի և Էսպոյի միջազգային կոնվենցիաներին:

Փորձագետ Գ. Գաբրիելյանը ներկայացրեց հանքաարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը՝ կանգ առնելով օգտակար հանածոների արդյունահանման իրավունքին ու ընդերքօգտագործման ոլորտում պետական հաշվառմանն առնչվող կարևոր կետերի վրա:

2014թ. Օրհուս կենտրոնների ուշադրության կենտրոնում կլինեն ընդերքշահագործման, Փոքր ՀԷԿ-երի, համայնքային անվտանգության ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ճշգրիտ, գիտականորեն հիմնավորված տեղեկատվության հավաքագրման ու տարածման հարցերը, աշխատանք կտարվի շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում քաղաքացիների ակտիվ ներգրավման ուղղությամբ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com