12,309 view

Ձորագետը կրկին աղտոտվել է

10.04.2014
Վերջին տարիներին անդրսահմանային Դեբեդ գետի ամենամեծ վտակը՝ Ձորագետը, ենթարկվում է փորձությունների. մի կողմից Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը պարբերաբար հանքաթափոններ է լցնում ուղղակի Ձորագետի մեջ, մյուս կողմից՝ գետի երկայնքով ՀԷԿ-երի կառուցումը, որոնք սպառնում են գետի սակավաջրությանը, բուսական և կենդանական աշխարհի վերացմանը:Ապրիլի 7-ին կրկին նկատվեց Ձորագետ գետի աղտոտվածություն: Այդ պատճառով Ստեփանավանի քաղաքապետ Ս. Ղարաքեշիշյանը կազմեց հանձնաժողով` քաղաքի գլխավոր ճարտարապետի, լրատվական միջոցների ներգրավմամբ և կատարվեց Ձորագետ գետի
հանգստավայրի հատվածի ուսումնասիրություն: Գետը պղտորված էր:
Լրատվամիջոցներին Ստեփանավանի գլխավոր ճարտարապետը կարծիք հայտնեց, որ աղտոտման աղբյուրը չի կարող Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը լինել: Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մ. Մելիքջանյանի կարծիքով, սակայն, Ձորագետի աղտոտումը կրկին կատարվում է Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը շահագործող <<Սագամար>> ՓԲԸ-ի կողմից: Նրա կարծիքով, եթե անգամ ներկայում արտահոսք չի եղել, ապա նկատվող երևույթը նախորդ աղտոտումների արդյունքն է, քանի որ նստվածքները մնացել են ափամերձ տարածքներում և ձնհալի կամ հորդարատ անձրևի դեպքում նորից լուծվում են գետի ջրի մեջ:

Հավելենք, որ Ձորագետի հանգստավայրում, ափամերձ տարածքներում հայտնաբերեցինք կենցաղային աղբով խիստ աղտոտված տեղեր, աղբով լի աղբարկղեր, և այնպիսի տպավորություն էր, որ դրանք ընդանրապես չեն դատարկվում, հարկավոր է պարզել թե դա ո՞ւմ պարտականությունն է, ինչո՞ւ են պատկան մարմինները թերանում իրենց պարտականությունները կատարելու գործում:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info_stepanavan@aarhus.am