12,517 view

Աղետ, թե` ոչ ճիշտ կառավարում

Ararat - копия03.04.2014

Արարատյան դաշտը սնվում է Արաքս գետից և վտակներից, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հարստությունից: Սակայն վերջին տարիներին ակնհայտորեն նվազել են ստորգետնյա ջրի պաշարները, ինչն առաջացրել է բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ:
ՀՀ բնապահպանության նախարարույթունը ձկնաբուծական տնտեսությունների և ոռոգման նպատակով ջրօգտագործման թույլտվություններ է տրամադրել, ինչը մեծապես ազդել է ստորգետնյա ջրերի ծավալի անկման վրա: Նվազել, անգամ ցամաքել են ինչպես գետերն, այնպես էլ ստորգետնյա աղբյուրները:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ ՏԿՆ առընթեր Ջրային պետական կոմիտեն մշակել է <<Սևանա լճի էկոհամակարգի, պահպանման, վերատադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ, որով նախատեսվում է Սևանա լճից բաց թողնել 240 մլն խմ ջուր, որը, փորձագետների հավաստմամբ, կարող է վտանգել Սևանի էկոհամակարգի գոյությունը:

Մարզի մի քանի համայնքներում Արարատի Օրհուս կենտրոնը և <<Էկոլուր>> տեղեկատվական ՀԿ-ն հանդիպումներ ունեցան ՏԻՄ-երի ներկայացուցիչների, հողագործների և բնակիչների հետ` տեղում պարզելու ջրօգտագործման առկա վիճակը և խնդիրների առաջացման իրական պատճառները:

Իրավիճակը տարբեր համայնքներում տարբեր էր, խնդիրն՝ ամենուր ակնհայտ:

Ռանչպար համայնքում նախկինում գործող խոշոր չափերի ձկնաբուծարանները փոքր լճակների տպավորություն թողեցին: Տեղի բնակիչները ջրի խնդիր չունեին, սակայն ասացին, որ եթե նախկինում ջուրը մի քանի մետր խորությունից ինքնահոս դուրս էր հորդում, այսօր ստիպված են պոմպեր օգտագործել:

Մյուս համայնքներում, որտեղ հիմնական զբաղմունքը հողագործությունն է, իրավիճակն այլ է: Դալար գյուղը կանգնած է ջրազրկման լուրջ խնդրի առջև, չնայած, որ գյուղի միջով հոսում է Ազատ գետը: Գյուղացիները չեն կարողանում օգտվել գետից, քանի որ գետի վրա կառուցված երկու ջրամբարները կուտակում են ջուրը և միայն պատվերի դեպքում են ջուր բաց թողնում: Ջուրը հոսում է դեպի Արաքս, ապա պոմպերուվ ետ մղվում Մխչյան, որտեղ լիտրերով վաճառվում է հողօգտագործողներին:

Գյուղացիները չեն հավատում, որ Սևանի ջուրը իրենց կհասնի, պնդում են, որ <<Սևանը պետք է Սևան մնա>>, իսկ հարցը լուծելու համար ընդամենը պետք է համակարգի ճիշտ կառավարում:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ info_ararat@aarhus.am