11,824 view

Ոռոգման ջրի որակյալ արագահոսը ՀԷԿ-ի տերերին, քայքայված ցանցը՝ այգեպաններին

Aparan_19_03
19.03.2014

Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ Ապարանի ջրամբարից սնվող ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցման լուրը բողոքի ալիք էր բարձրացրել հարակից գյուղերի բնակիչների շրջանում: Նրանք մտավախություն ունեին, որ ՀԷԿ-ի կառուցումից հետո ոռոգման ջուր չեն ունենա իրենց եկամտի միակ աղբյուր հանդիսացող այգիները ջրելու համար: ՀԷԿ-ի կառուցման նպատակով արագահոս նոր ջրատարի կառուցման նախագծի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով նրանք դիմել էին Ապարանի Օրհուս կենտրոնին: Կենտրոնի համակարգողը հարցում էր արել ՀՀ ՏԿՆ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վերջինս պատասխանել էր, որ հանձնաժողովի կողմից «ԳԱՀԱ Էներջի» ՍՊԸ-ին փոքր ՀԷԿ-ի կառուցման կամ շահագործման համար որևէ լիցենզիա չի տրամադրվել:

Ապարանի Օրհուս հարցմանն ի պատասխան՝ մարտի 18-ին ՏԿ նախարարի տեղակալ Ա. Բախշյանը կենտրոնի համակարգողին և Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուին, <<Էկոլուր>> ՀԿ նախագահ Ի. Զարաֆյանին, ՀԲՃ ներկայացուցիչ Լ. Գալստյանին և Կարբի համայնքի այգեգործների ներկայացուցչին հրավիրել էր հանդիպման՝ համայնքի ու բնապահպանների մտահոգությունները լսելու, խնդրի վերաբերյալ կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները քննարկելու նպատակով:

Հանդիպման սկզբում Ա. Բախշյանը հասարակական թևի ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրում է տվյալ տարածաշրջանում ոռոգման ջրի քանակը, ներքին ցանցերի վիճակը, որպես ոռոգման համակարգի բաղկացուցիչ մաս՝ արագահոսի կառուցման հարցը և ոչ մի խոսք ՀԷԿ-ի մասին: Հավաստիացրեց, որ դեռևս որևէ ՀԷԿ-ի նախագիծ չկա, իսկ եթե լինի էլ, ապա գյուղեցիներն առաջնահերթ կստանան իրենց անհրաժեշտ ջրաքանակը:

Լ. Գալստյանը հարց բարձրացրեց, որ, եթե ՀԷԿ չի կառուցվելու, ինչո՞ւ է <<Գահա էներջի>>ընկերությանը ջրօգտագործման թույլտվություն տրվել: Մյուսները ևս փաստեցին, որ մեկ անգամ չէ, որ մարզային պետական ծառայողներից, տարածքի ՋՕԸ-ների ներկայացուցիչներից ու արագահոսի կառուցումն ստանձնած ընկերության ներկայացուցիչներից լսել են ՀԷԿ_ի կառուցման մտադրության մասին: Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատուն նկատեց, որ ապագայի ենթադրյալ գործողությունների համար այսօր կոնկրետ գործողություններ ձեռնարկելը, այն է՝ արագահոս նոր ջրատարի կառուցումը, չի բխում Օրհուսի կոնվենցիայից՝ մեջբերելով, որ շրջակա միջավարում նախատեսվող գործողությունների մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի ամենավաղ փուլից:

Ինչպես նկատեց Ի. Զարաֆյանը, փաստորեն ոռոգման նպատակներով կառուցվող որակյալ արագահոսով ջուրը հորդալու է դեպի ՀԷԿ, մնացած ջուրն էլ գյուղացիները վերցնելու են ոռոգման հին, վթարված համակարգից:
Ա. Բախշյանը հավաստիացրեց, որ այգիներին ջուր ապահովող համակարգի վերանորոգման նախագիծն այս պահին ուսումնասիրման փուլում է: Այնուհետ նա վստահեցրեց, որ եթե այգեգործները ջուր չունենան, ծայրահեղ քայլերի կդիմեն՝ կպայթեցնեն խողովակը կամ ՀԷԿ-ը: Թե ի՞նչ կլինի այգեգործների հետ այդուհետ, նա չպատասխանեց:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Ն. Մանուկյանը նշեց, որ գյուղացիները թերահավատորեն են վերաբերում նմանատիպ նախագծերին, անհանգստություններն էլ արդարացված են, որովհետև, Գեղարոտ գետի վրա կառուցված ՀԷԿ-երի գործունեության հետևանքով հարևան գյուղերում արդեն առկա է ջրի սակավություն, եղած ջուրն էլ պիտանի չէ օգտագործման համար:

Քննարկման ընթացքում բնապահպանները բարձրացրեցին նաև Ապարանի ջրամբարի վերջին տարիներին արձանագրվող սակավաջրության խնդիրը, մինչդեռ արագահոսի հիմնական ջրաղբյուրը հենց այդ ջրամբարն է:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com