1,008 view

Հասարակական լսում Մելիքգյուղում

01.04.2014
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ով սահմանված կարգով ս.թ. մարտի 28-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում տեղի ունեցան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր`երրորդ պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ: Հիշեցնենք, որ 2013թ մայիս ամսին ՀՀ Բնապահապանության նախարարությունը ՇՄԱՓ բացասական եզրակացություն էր տվել «Մեգո
Գոլդ» ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր` երրորդ պոչամբարի աշխատանքային նախագծին:

Այս տարի ընկերությունը կրկին, երրորդ պոչամբար կառուցելու հայտ է ներկայացրել ԲՆ, սակայն ակնհայտ է, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի նորացված նախագծի իրականացման գործընթացը սկսվել է խախտումով, քանզի ս.թ.փետրվարի 10-ին ընկերության և փետրվարի 12-ին ԲՆ-ի կողմից հրավիրված հասարակական լսումներն անցկացվել են ոչ թե ազդակիր համայնքում` Մելիքգյուղում, այլ նախագծող ընկերության երևանյան գրասենյակում, համայնքից էլ մասնակցել են միայն գյուղապետն ու գյուղապետարանի երկու աշխատակիցներ: Բնակիչներն իրենց համայնքին անմիջապես առնչվող կարևորագույն այս հարցի վերաբերյալ դիրքորոշում, տեսակետ, կարծիք հայտնելու և առաջարկութուններ անելու հնարավորությունից ու իրավունքից զուրկ են եղել՝ հասարակական լսումների մասին, պարզապես, տեղեկացված չլինելու պատճառով:

Փետրվարի 15-ին համայնքում բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ գյուղի բնակիչները ստորագրահավաք կազմակերպեցին՝ դիմելով Բնապահպանության նախարարություն` խնդրանքով ու նաև պահանջով, որպեսզի անցկացվեն նոր լսումներ՝ իրենց գյուղում, որտեղ ներկա կլինի համայնքը և մարդիկ կկարողանան իրենց կարծիքը հայտնել նախագծի վերաբերյալ:

Մարտի 28-ին Բնապահպանության նախարարության կողմից լրացուցիչ հանրային լսումներ անցկացվեցին Մելիքգյուղում: Լսումներին մասնակցում էին համայնքի բնակիչները, գյուղապետը, գյուղապետարանի աշխատակիցները, ‹‹Բնապահպանական փորձաքննություն›› ՊՈԱԿ-ի փոխտնօրենը, ԲՆ և հասարակական կազմակերպությունների` «Էկոլոգիական հասարակական դաշինք», «Էկոիրավունք», «ԷկոԱկադեմիա»-ի ներկայացուցիչները, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգողը, անկախ և «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի փորձագետները, լրագրողներ:

Բնապահպաններն ու փորձագետները բնապահպանական փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ի փոխտնօրենին ներկայացրեցին բազում խնդիրներ, որոնք առաջացել են հանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների շահագործման հետևանքով, նրա ուշադրությունը հրավիրեցին հետազոտությունների արդյունքների վրա, որոնց համաձայն Թուխմանուկի ոսկու հանքավայրը հանդիսանում է շրջակա տարածքների հողերի, գետավազանի ջրերի, հատակային նստվածքների և ընդհանրապես էկոհամակարգի վրա էական ներգործության գործոն:

Բնակիչներն էլ բողոքեցին պոչամբարից արտահոսքերի, փլուզումների, վթարների, ջրերի աղտոտման, հողի բերքատվության անկման վերաբերյալ և պնդեցին, որ դեմ են ոչ միայն 3-րդ պոչամբարի կառուցմանը, այլև՝ հանքի շահագործմանն ընդանրապես:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru