11,717 view

Անվտանգության և շրջակա միջավայրի միջև փոխկապակցվածությունը

31.03.2014
ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարցերով համակարգողի գրասենյակի քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) շրջանակում Երևանում մարտի 26-27-ը տեղի ունեցավ Անվտանգության և շրջակա միջավայրի դասընթաց: Նպատակը՝ ամրապնդել շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցվածության հասկացությունը և ինչպես դիմակայել հարակից մարտահրավերներին, ինչպես նաև ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Դասընթացը կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության կառույցների և Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների համար:

Մասնակիցներին ողջունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրի պատասխանատու Տ. Դեմբսկին՝ իր խոսքում կարևորելով անվտանգության հարցերը առօրյա կյանքում և հատկապես կապը շրջակա միջավայրի հետ: ՀՀ ԱԳՆ ԵԱՀԿ և սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ Վ. Գևորգյանն էլ իր խոսքում կարևորեց Օրհուս կենտրոնների գործունեությունը՝ նշելով, որ անգամ միջազգային հանդիպումներին է տեսանելի կենտրոնների կարևորությունն ու օրինակելի փորձը:

Ռազմական, քաղաքական, տնտեսական, հանրային ու բնապահպանական անվտանգության 5 ոլորտներից յուրաքանչյուրը որոշում է անվտանգության խնդիրների հիմնական հարցը և առաջնահերթությունների կարգավորման ձևը, միաժամանակ դրանք բոլորն էլ միահյուսված են փոխկապակցված ամուր ցանցով: Բնապահպանական անվտանգությունն առնչվում է տեղական ու երկրագնդի կենսոլորտի պահպանմանը՝ որպես կարևոր օժանդակ համակարգ, որից կախված են մնացած բոլոր մարդկային նախաձեռնությունները: Այս հարցերի շուրջ դասախոսություն կարդաց ու թիմային աշխատանքներ առաջարկեց միջազգային փորձագետ Գ. Լեոնտեն:

Տեղի ունեցավ նաև բանավեճ շրջակա միջավայրի ու անվտանգության հեռանկարների շուրջ: <<Հայ կանայք հանուն անվտանգության և առողջ շրջակա միջավայրի>> ՀԿ նախագահ Ել. Մանվելյանը ներկայացրեց Բնապահպանական անվտանգության առաջնահերթությունների հեռանկարները Հայաստանում: Բարձրացված հարցերի շուրջ եղան տարբեր կարծիքներ: <<Անահիտ>> կանանց ՀԿ նախագահ Լ. Փարեմուզյանը նկատեց, որ դասընթացին պարտադիր էր նաև պատասխանատու կողմի՝ քաղծառայողների մասնակցությունը, որպեսզի բարձրացված հարցերին հստակ պատասխաններ տրվեին: Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Ս. Այվազյանը, ողջունելով դասընթացի կարևորությունն ու օգտակարությունը Օրհուս կենտրոնների հետագա գործունեության առումով, նշեց, որ նախկինում Երևանի Օրհուս կենտրոնում քաղաքացիական հասարակությանն էին ներկայացվում ՔԳԱՇՄ նախաձեռնության շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերի շնորհանդեսները, քննարկվում դրանց իրականացման արդյունավետությունը, Օրհուս կենտրոնների ինտերնետ կայքում տեղ էին գտնում այդ ծրագրերի մեկնարկի, ընթացքի ու արդյունքների մասին մանրամասն տեղեկությունները, ինչը հնարավորություն էր տալիս ապահովել իրազեկվածության առավել լայն շրջանակ, սակայն, վերջին տարիներին այս համագործակցությունն անկում է ապրել: Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանն ու Օրհուս կենտրոնների աջակցման ծրագրի ղեկավար Լ. Ասոյանն էլ առավել արդյունավետ համարեց ինչպես կենտրոնների ու ՔԳԱՇՄ ծրագրերի համագործակցությունն, այնպես էլ դասընթացին բոլոր Օրհուս կենտրոնների մասնակցությունը:

ՔԳԱՇՄ ծրագրի համակարգող Էդ. Սաֆարյանը համագործակցությունը վերականգնելու պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև առաջարկեց ծրագրերի մոնիթորինգային խմբում ընդգրկել նաև Օրհուս կենտրոններին:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com