12,438 view
Գավառի Օրհուս կենտրոնում հավաքված ՀԿ-ների բաց նամակը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

gavar_14_02_14_02

20.03.2014
Փետրվարի 14-ին, 2013թ.-ին կատարված աշխատանքները գնահատելու և 2014թ.-ի անելիքները քննարկելու նպատակով, Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ղեկավարների հաշվետու հանդիպումը:Միմյանց իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելուց զատ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին բազմաթիվ խնդիրներ, որոնցից հատկապես կարևորվեցին մի քանիսը: Մասնավորապես բարձրացվեց մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանի հարակից տարածքում մարզերի բնակչության անվտանգ երթևեկության ապահովման հարցը, որն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքների պաշտպանությանը: Խնդրի վերաբերյալ կազմվեց Երևանի քաղաքապետին ուղղված նամակ: Արծարծված մյուս կարևոր թեմաները վերաբերում էին մարգագետինների այրմանը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

 Սակայն ամենակարևոր ու հրատապ հարցը վերաբերում էր Սևանա լճին առնչվող օրենսդրական երկու նախագծերին, որոնք արդեն իսկ հանձնված են ԱԺ-ի քննարկմանը և քաղաքացիական հասարակության կարծիքով ճակատագրական կարող են լինել ոչ միայն լճի էկոհամակարգի պահպանության, այլև առափնյա համայնքների անվտանգության ապահովման տեսանկյունից:gavar_14_02_14_04Ժողովելով իրենց մտահագություններն ու ասելիքները՝ անմիջապես հանդիպման ընթացքում մասնակից ՀԿ-ների ներկայացոցիչները պատրաստեցին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ուղղված բաց նամակ, որն օրեր անց տարածում ստացավ հնարավոր բոլոր միջոցներով:

Նամակում մասնավորապես նշվում է, որ ինչպես Սևանից ջրբացթողումը առաջիկա 5 տարվա համար 170 մլն խմ-ի փոխարեն 240 մլն խմ սահմանելու մասին օրենսդրական փոփոխության առաջարկի, այնպես էլ Սևանում ձկնաբուծությանը զարկ տալու ծրագրի նախագծի իրագործումը վերջնականապես կաթվածահար կանեն մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և մեր ամենամեծ բնական խմելու ջրի շտեմարանը հանդիսացող Սևանը:
gavar_14_02_14_01

Մատնանշելով համապատասխան օերքների այն կետերը, որոնց հակասում է վերոնշյալ նախագծերի կազմումն ընդհանրապես, առավել ևս դրանց հնարավոր իրագործմումը՝ մարզի բնակիչները պահանջում են .<<…հրաժարվել այս նախաձեռնություններից և փոխարենն ընթացք տալ Սևանա լիճը Յունեսկոյի Բնության համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու “Живая планета” միջազգային էկոլոգիական շարժման առաջարկին>>: Նկատենք, որ այս առաջարկին դրականորեն է արձագանքել ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, մինչդեռ այս գործընթացի մասին, չգիտես ինչու, լայն հանրությունն իրազեկված չէ:

Նամակում նշված է, որ Սևանա լճի խնդիրը նախ և առաջ ազգային անվտանգության խնդիր է: Ուստի նամակի հեղինակները պահանջում են. <<հոգածությամբ վերաբերվել մեր միակ հարստությանը, բարեխիղճ օգտագործել այն, առաջնորդվել ոչ թե կարճատև տնտեսական շահով, այլ՝ հեռատես լինել քաղցրահամ ջրի մեր բացառիկ, ազգային և պետական ռազմավարական նշանակության պաշարը՝ Սևանա լիճը պահպանելու հարցում>>:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com

Հանդիպման օրակարգ