12,091 view
Կնպաստի, արդյո՞ք, ԲՀՊՏ նոր ռազմավարությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը
17.03.2014
Մարտի 17-ին ԵՊՀ Էկոիրավունքի կենտրոնում տեղի ունեցավ <<ՀՀ Բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր>> փաստաթղթի նախագծի հանրային քննարկում:
ՀՀ ԲՆ <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանը, խոսելով փաստաթղթի նախագծի մասին, նշեց, որ այն ի տարբերություն նախորդ ծրագրի, պարունակում է նորարարական մոտեցումներ, չունի այն բացերն ու բացթողումները, որոնք նկատվել են նախորդում, ունի տրամաբանական կառուցվածք: Փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի է առնվել
նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 10-րդ կոնֆերանսում ընդունված Կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման 2015-2020թթ ռազմավարական պլանը, որտեղ էական տեղ է հատկացվում բնության հատուկ պահպանվող տարածքներին (ԲՀՊՏ):Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ Ա. Գրիգորյանը նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ իմաստ ունի ռազմավարություն մշակելը, եթե այն չի գործում. <<Օրինակ այս պահին փաստացի ունենք իրավիճակ, երբ ԲՀՊՏ-ներում գործող օրենքին հակառակ գործողություններ են կատարվում ու ոչ մի պետական կառույց դրանք չի կասեցնում>>,- նշեց Ա. Գրիգորյանն՝ օրինակ բերելով Սևանի ավազանում Սոտքի ջարդիչ-տեսակավորման արտադրամասի տեղակայումը: Ապա նա հարց ուղղեց ԾԻԳ-ի տնօրեն Վ. Մարտիրոսյանին, թե ո՞րն է այս կառույցի իրավասությունների շրջանակը, որքա՞ն է բյուջեն և արդյոք այս ռազմավարության շրջանակներում կա մի հարց, որն արդեն իսկ դրված չէ որևէ պետական կառավարման մարմնի վրա և վարկային միջոցներ են անհրաժեշտ դրանց իրականացկման համար: Նրա կարծիքով պետական լիազոր մարմնի՝ ԲՆ-ի գործառույթները փոխանցված են ինչ-որ պետական հիմնարկի, որի մասին, հիմնարկի ղեկավարի լուսանկարից բացի, ԲՆ պաշտոնական կայք-էջում այլ տեղեկություն չկա: Հարկատուները տարեկան գումար են վճարում ԲՆ-ին իր պարտականությունները կատարելու համար, որոնք նշված են Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրում: Հարկատուները նաև վճարում են վերցրած պարտավորությունների նկատմամբ տարբեր ստորաբաժանումների միջոցով հսկողության իրականացման համար: ԲՆ երկու ստորաբաժանում ուղակիորեն պատասխանատու են հատուկ պահպանվող տարածքների համար, այնտեղ հավաքված են մասնագետներ: Տվյալ ԾԻԳ-ը ի՞նչ գործառույթ ունի, ի՞նչ մասնագետներ, ի՞նչ ծրագրեր է իրականացրել, բազմաթիվ, այդ թվում Վերահսկիչ պալատի քննադատություններին արժանացած Չքավորության նվեզեցման, Սևանի մաքրման շախատանքների ծրագրերից ու բազմիցս քննադատված Հատուկ պահպանվող տարածքների մասին 3մլրդ արժեցող օրենքի մշակումից բացի:

Վ. Մարտիրոսյանն ասաց, որ փաստաթութղը պետք չէ կապել միջոցներ ձեռք բերելու կամ վարկ վերցնելու հետ՝ հավելելով, որ սա երկրում ընթացող ռազմավարության շարունակությունն ապահովող փաստաթուղթ է:
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լ. Գալստյանի հարցին, թե ինչն է խոչնդոտել վերջին տարիներին նախորդ ռազմավարության ծրագրում նշված գործողությունների իրագործմանը, Ս. Բալոյանը պատասխանեց. <<Օրենսդրական բացերը>>: Լ. Գալստյանն առաջարկեց որպես պահպանվող տարածք Հանրապետության տարածքի 13 %-ի փոխարեն նշել ավելի քիչ, քանի որ ոչ մի արգելավայր հստակ սահմաններ և պահպանության ռեժիմ չունի, դեռևրս անձնագրավորված չեն նաև բնության հուշարջանները և այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում ոչ մի դրական արդյունքի հնարավոր չէ հասնել:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրին բազմաթիվ այլ հարցեր ևս, իսկ փաստաթղթի նախագիծը գնահատեցին որպես ՄԱԿ-ի կողմից մշակված Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագրի կրկնություն:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Հեռ. 010 551364
Էլ. փոստ aarhusnews@gmail.com