11,815 view

Կարբիում և Օհանավանում թեժ մթնոլորտը շարունակվում է

aparan_15.03_1Մարտի 14-ին Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան և հարակից մի քանի այլ գյուղերի մի խումբ բնակչներ կրկին հավաքվել էին Օհանավանում ոռոգման արագահոս համակարգի վրա ՋրԷԿ –ի կառուցման հետ կապված իրենց մտահոգություններն ու անհանգստությունները բարձրաձայնելու նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին վերը նշված համայնքների բնակիչները ծայրահեղ միջոցի էին դիմել. փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները: Բնակիչների կարծիքով նոր ՀԷԿ-ի կառուցման դեպքում տարածաշրջանի 7գյուղերի պտղատու այգիները կկանգնեն ջրազրկման վտանգի առաջ, քանի որ գործարկման դեպքում ՀԷԿ-ը մեծ քանակությամբ ջուր է սպառելու:

Այս պահին շինարարական աշխատանքներ տարածքում չեն ընթանում, սակայն գյուղացիները չգիտեն կշարունակվեն դրանք, թե` ոչ:
Հարկ է նշել, որ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների վերաբերյալ պաշտոնական, մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով Ապարանի Օրհուս կենտրոնը հարցումներ է ուղղել համապատասխան պետական կառույցներին հետևյալ հարցադրումներով. «Նախատեսում է արդյո՞ք «ԳԱՀԱ Էներջի» ՍՊԸ-ն նշված համայնքների տարածքում ՀԷԿ-ի շահագործման աշխատանքների իրականացում, արդյո՞ք նշված ընկերությանը տրված է լիցենզիա, ինչքա՞ն է ՀԷԿ-ի հզորությունն ու արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը, որո՞նք են ՀԷԿ-ի ջրաղբյուրները»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից արդեն ստացվել է պատասխան, որտեղ նշված է, որ հանձնաժողովի կողմից «ԳԱՀԱ Էներջի» ՍՊԸ-ին փոքր ՀԷԿ-ի կառուցման կամ շահագործման համար որևէ լիցենզիա չի տրամադրվել:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26
Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru