1,946 view

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հարցի լուծումը տեսնում են, պատասխանատուները` ոչ

27.04.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեի 2017-ի տարեվերջյան տվյալներով` Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 2345 երեխա: Նշված տարում մայրաքաղաքի վարչական շրջանների խաղահրապարակների վերանորոգման կամ նորերի կառուցման համար ծախսվել է շուրջ 541մլն 995 հզ դրամ, սակայն դրանցում չկան այնպիսիք, որոնք հարմարեցվել են հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:
«Անվտանգ խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության իրականացրած հարցմանը մասնակցած 71 ծնողների 39.4%-ը ունեն հաշմանդամություն ունեցող երեխա, ովքեր առավելապես 7-14 տարեկան են, ավելի քիչ

դեպքերում`3-6: Երեխաների ու նրանց ծնողների 32.3%-ը դժվարություններ են ունենում բակային խաղահրապարակից օգտվելիս:

Մարիամ Հովհաննիսյանի 12-ամյա տղան մանկական ուղեղային կաթված ունի: Բնակվում են Նորքի 9-րդ զանգվածի 25 շենքում: Ըստ ծնողի`տեղի խաղահրապարակը վերջերս է կառուցվել: «Այն պատրաստված է հաշմանդամություն չունեցող երեխայի համար, ոչինչ չկա հարմարեցված մեր երեխայի համար`թեկուզ հասարակ ճոճարանները: Մուտքերը ևս մատչելի չեն: Շատ փոքր խնդիր կա կապված թեքահարթակի հետ, ինձ թվում է` դա ոչ մի մեծ ծախսի հետ կապված չի, ընդամենը ցանկության և նկատելու հարց է»:

Նրա խոսքով` մինչև խաղահրապարակ հասնելը իրենք դժվարություն են ունենում շենքի մուտքը հաղթահարելու գործում, նախևառաջ, կարիք ունեն մատչելի մուտքի: «Շենքում վերելակ ունենք, բայց ես դժվարանում եմ երեխային բակ իջեցնել ու ամեն օր չեմ կարող ինչ-որ մեկին խնդրել, որ օգնի շենքի դիմացի աստիճանները իջեցնի»: Այս խնդրով վերջերս է դիմել թաղապետարանին, պատասխանել են`շենքը հետխորհրդային է, հնարավոր չի դրան համապատասխան թեքահարթակ կառուցել: Ծնողի գնահատմամբ, այս դեպքում պատասխանատուները պարզապես չուզեցին ինչ-որ բան անել, թեև ինքը տեսնում է հարցի լուծումը:

Ինչպես փաստում են «դ’Արվեստանոց» կազմակերպության ճարտարապետները, խաղահրապարակների նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել ոչ միայն սարքավորման անվտանգությունը, դրանց դասավորությունը միմյանց նկատմամբ, այլև հասանելիությունը: Բայց ինչպես ցույց են տվել մոնիտորինգի արդյունքները, մի շարք խաղահրապարկներ կառուցվել են այդ կանոններից դուրս:
Մասնավորապես տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաների ծնողները նշում են, որ չկան հարմարեցված ճոճանակներ:

Ռուզաննա Շահինյանի երեխան տեղաշարվում է քայլակի օգնությամբ: Նշում է, որ խաղահրապարակ հասնելն արդեն իսկ դժվարություն է ներկայացնում, որովհետև չկան անհրաժեշտ հարմարեցումներ: «Կիևյան 7 շենքի բակում սղարան, մի քանի ճոճանակ ու շարժասարքեր են դրված: Մեր դեպքում միայն ճոճասարքն է օգտագործվում, որովհետև մյուսներից երեխան չի կարողանում օգտվել»:

Սարյան 4 հասցեում տեղակայված խաղահրապարակում ևս մատչելի խաղասարքերի կարիք կա: «Շենքի դիմաց փոքր պուրակ է կառուցվել, որտեղ երկաթե ճոճանակներ են տեղադրված: Դա, բնականաբար, երեխային հարմար չի: Ես տղայիս գրկում,նստացնում եմ, պտտվում իր հետ: Բայց ցանկալի կլիներ թեկուզ մի հարմարեցված ճոճանակ տեղադրվեր, որ երեխան սայլակով կանգնի և ճոճվի, չնայած չեմ կարծում, որ դրա համար տեղ կհերիքի, որովհետև տարածքը փոքր է»-ասում է մեկ այլ երեխայի ծնող Անահիտ Գոյունյանը:

Նրա գնահատմամբ` սայլակով հնարավոր է մտնել իրենց բակում տեղակայված խաղահրապարակ, բայց նախքան այդտեղ հասնելը, շենքից դուրս գալու համար իրենք ևս թեքահարթակի կարիք ունեն, որ վերելակից կտանի մինչև առաջին հարկ: Մյուս կողմից տիկին Անահիտին անհանգստացնում է խաղահրապարակի տարածքում կուտակվող աղբը, ինչի մասին մի քանի անգամ դիմել է պատասխանատուներին, բայց տիրող վիճակը դեռ գոհացուցիչ չի:

Նշենք, որ ըստ հետազոտության արդյունքների, տասնյակ երեխաների ու նրանց ծնողների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում խաղասարքերի դասավորությունը, սղարանները, այն խաղահրապարակները, որոնք աստիճաններ և/կամ անմատչելի մուտք ունեն, կամ դրանցում բացակայում են հարմարեցված ճոճանակները: Մասնավորապես`Հաղթանակ զբոսայգում, Մերգելյան այգում, Միկոյան, Ադոնցի, Աէրացիա, Մամիկոնյան, Նար-Դոս-Տիգրան Մեծ, Մանթաշյան, Բուդաղյան փողոցներում, ինչպես նաև Դավթաշեն 2, Քուչակ թաղամասերում տեղակայված խաղահրապարակներից օգտվող երեխաների ծնողները նման տեսակետ են հայտնել:

Որոշ դեպքերում էլ խաղահրապարակին հատկացված տարածքը շատ փոքր է: Ծնողները մտահոգություն են հայտնում, որ դրանցում բացակայում են կանաչ գոտիները կամ թաղամասը չունի սեփական խաղահրապարակ և իրենք, չունենալով այլընտրանք, երեխային ուղեկցում է այլ խաղահրապարակներ:

Մարջան Չոբանյան
Նյութը պատրաստվել է «Անվտանգ խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության շրջանակում