315 view

Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի ԳՁՕ վերաբերյալ Ուղղման վավերացումը որոշիչ քայլ կարող է լինել դաշտի կարգավորման համար ոչ միայն մեր երկրում

29.11.2017

gmo_photo1 «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, նոյեմբերի 9-ին տեղեկատվության ստացման հարցում էր ուղղել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ պարզելու համար, թե ինչ աշխատանք է տարվում «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի Գենետիկորեն Ձևափոխված Օրգանիզմների (ԳՁՕ) մասին Ուղղման վավերացման ուղղությամբ և ընդանրապես պատրաստվո՞ւմ է արդյոք մեր երկիրը վավերացնել այն:

Այս ուղղումը կատարվել է դեռ 12 տարի առաջ, և որպեսզի այն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ վավերացվի այդ պահին կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների առնվազն ¾-ի կողմից:

Այն վերաբերում է ԳՁՕ—ների միտումնավոր շրջակա միջավայր արտանետելու և շուկայահանման վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու հանրության իրավունքների հաստատմանն ու պաշտպանությանը: Այդ ուղղումը կատարելու պահին Հայաստանն հանդիսանում էր Օրհուսի կոնվենցիայի կողմ և կարող է այն որոշիչ երկու Կողմերից մեկը լինել, որոնց շնորհիվ վերջապես՝ 12 տարի անց, այս հույժ կարևոր ոլորտը կարգավորող փաստաթուղթը ուժի մեջ մտնի:

Շատ երկրներ որպես նախնական քայլ մշակել են ազգային կենսաանվտանգության շրջանակներ, իրավական կարգավորումներ, որոնք ներառում են հանրային իրազեկման, կրթության, տեղեկատվության հասանելիության և մասնակցության բաղադրիչներ, անգամ հանրության մասնակցությանը վերաբերող արդյունավետ ընթացակարգեր, բայց և մեծ ջանքեր է պետք ներդնել դրանց իրականացման և Կենսաանվտանգության վերաբերյալ Կարթագենյան արձանագրության իրականացմանն աջակցելու համար:

Այս մասին Օրհուսի կոնվենցիայի և Կարթագենյան արձանագրության կողմերի պատվիրակություններին տեղեկատվություն է տրամադրվել դեռ 2016 թ. նոյեմբերին Ժնևում տեղի ունեցած ԳՁՕ-ների վերաբերյալ 2-րդ կլորսեղան քննարկման ժամանակ: Որտեղ քննարկված հարցերն ու եզրահանգումները ներկայացվել են Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ հանդիպման ուշադրությանը:

Կլոր սեղանին մատնանշվել են Օրհուսի կոնվենցիայի և Կարթագենյան արձանագրության այն դրույթները (մասնավորապես, 21-րդ հոդվածը), որոնք կարող են գործիք հանդիսանալ մշակելու չափորոշիչներ, թե որը պետք է համարել այս ոլորտում գաղտնի տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին առնչվող, այդ թվում ԳՁՕ-ների վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության ընթացակարգին, ապա Օրհուսի կոնվենցիայի Լուկկայի ուղեցույցը և Մաստրիխտյան առաջարկությունները պարունակում են բավարար հիմքեր տեղեկատվության մատչելիության և հանրության մասնակցության կարգավորման համար: Մաստրիխտյան առաջարկություններում հստակ նշված է, թե ում, երբ և ինչպես է պետք տեղեկացնել որոշումների կայացման գործընթացի մասին և, թե ինչ տեղեկատվություն է պետք տրամադրել նախապես՝ հնարավորինս շուտ, երբ դեռ բոլոր հնարավորությունները բաց են՝ այդ թվում նահանջի ճանապարհը:

Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպմանը կրկին կարևորվեց ԳՁՕ-ների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հասարակության բոլոր անդամների՝ ֆերմերների, տեղական համայնքների և երեխաների համար: Նշվեց, որ տեղեկատվություն տրամադրելիս հասարակությունը պետք է ունենա ընդհանուր պատկերացում տարբեր ԳՁՕ-ների և բույսերի աճեցման մեթոդների սահմանումների մասին:
Սա այն ոլորտն է, որտեղ թափանցիկությունն և հաշվետվողականությունն առավել քան կարևոր են, այնուհանդերձ անգամ դաշտը փոքրիշատե կարգավորած երկրներում անորոշություն կա միտումնավոր շրջակա միջավայր բաց թողնվող ԳՁՕ-ների վերաբերյալ տրամադրված տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ:

Այս տարվա սեպտեմբերին, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում Օրհուսի կովենցիայի կողմերի հանդիպմանը, հերթական անգամ կոչ արվեց Կողմերին կոնկրետ գործողություններ ձեռնարկել ազգային մակարդակում, մասնավորապես.

 հաշվի առնելով առարկայի բարդությունն ու պահանջվող կոնկրետ փորձաքննությունը՝ առաջարկել ԳՁՕ-ների հարցերով զբաղվող լրացուցիչ ազգային համակարգող,
 հզորացնել համագործակցությունը պետական մարմինների և ՀԿ-ների միջև ԳՁՕ-ի խնդիրների շուրջ և խթանել արդյունավետ միջնախարարական կամ միջգերատեսչական մեխանիզմներ ԳՁՕ-ի խնդիրներով զբաղվելու համար, որոնք բաց կլինեն ՀԿ-ների, կրթական մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար,
 օգտվել Օրհուս կենտրոններից (առկայության դեպքում) կամ այլ համապատասխան կազմակերպություններից, որոնք կօժանդակեն իշխանությունների կարողությունների ամրապնդմանը, տեղեկատվության մատչելիությանը և ԳՁՕ-ներին վերաբերող հարցերում հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը, դրանով իսկ աջակցելով Կողմերին վավերացնելու ԳՁՕ Ուղղումը և իրականացնելու Օրհուսի կոնվենցիան և Կարթագենյան արձանագրությունը,
 հաստատել և իրականացնել է Օրհուսի կոնվենցիայի ԳՁՕ-ի մասին փոփոխությունը,
 ստեղծել ԳՁՕ-ների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության արդյունավետ համակարգ, որը հնարավորություն կտա շահագրգիռ բոլոր կողմերին տեղեկատվություն ստանալ ժամանակին և արդյունավետ կերպով,
 ստեղծել ԳՁՕ-ներին վերաբերող արդյունավետ և ընդգրկուն հանրային մասնակցություն ապահովող համակարգ,
 Մաքսային ծառայողների, լաբորատորիաների և այլ շահագրգիռ կողմերի համար տեղեկատվության մատչելիություն ապահովել ԳՁՕ-ների մշակման, փոխադրման, փաթեթավորման և նույնականացման վերաբերյալ առկա իրավական դրույթների, ներառյալ սահմանային հսկողության արդյունավետ համակարգի մասին,
 խնդիրը լուծել այն երկրներում, որտեղ ԳՁՕ – ներին վերաբերող օրենքները կարող են նախատեսել արգելքներ, իսկ գործնականում դրանք անօրինականորեն աճեն և հասանելի լինեն շուկայում, առանց հավաստի տեղեկատվություն տրամադրելու հանրությանը:

Եվրոպական էկո-ֆորում միավորումը ևս կոնվենցիայի կողմերի հանդիպմանը կոչ արեց ընդունել Ուղղումը, ավելին՝ դրանում առկա դրույթները ներդնել ազգային օրենսդրության մեջ և հետևողական լինել լիարժեք իրականացմանը: Ստեղծել ԳՁՕ-ների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության արդյունավետ համակարգ, որը թույլ կտա ՀԿ-ներին և շահագրգիռ մյուս կողմերին ժամանակին տեղեկություն ստանալ:

Մեր հարցմանն ի պատասխան, Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Հանրապետությունում իրականացվում են գործընթացներ, որոնք կարևորում են հասարակության մասնակցությունը ԳՁՕ-ների գործածության, տեղաբաշխման, կենսաանվտանգության խնդիրների լուծման գործընթացում, որ Կարթագենյան արձանագրության ներքո իրականացվող գործողությունները համահունչ են Օրհուսի կոնվենցիայի ԳՁՕ վերաբերյալ Ուղղման նպատակներին և խնդիրներին, մասնավորապես նշելով, որ մշակվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության, կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը սակայն հետ է կանչվել Ազգային ժողովից:

Սակայն, այս պատասխանը չէր պարունակում տեղեկատվություն, թե երբ է Հայաստանը պատրաստվում վավերացնել Ուղղումն ու իրականացնել առաջարկվող վերոնշյալ գործողությունները:

Նյութի պատրաստման համար հիմք են հանդիսացել ԳՁՕ-ների վերաբերյալ միջազգային 2-րդ կլոր սեղան քննարկման զեկույցն (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/prtr/MOPP3/Russian/ECE_MP.PP_WG.1_2017_8_R.pdf) ու մեր հարցման պատասխանը:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Սույն նյութը պատրաստվել է «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: