1,339 view

Էկոլոգիական անվտանգությունը որպես զբոսաշրջության կայուն զարգացման կարևորագույն պայման

17.11.2017
Նոյեմբերի 16-ին Երևանի Օրհուս կենտրոնում, կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Էկոլոգիական անվտանգությունը` որպես զբոսաշրջության կայուն զարգացման կարևորագույն պայման» թեմայով, որին մասնակցեցին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Կառավարում մասնագիտության «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի, ԵՊՀ «Երկրաբանության և աշխարհագրության» ֆակուլտետի ուսանողներ, Երևանի Օրհուս կենտրոնի կամավորներ:

ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի ղեկավար Աննա Առաքելյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նման ձևաչափով հանդիպումներն ինչպես ուսանողների մոտիվացման, այնպես էլ Հայաստանում Զբոսաշրջության, հատկապես էկոտուրիզմի ոլորտի զարգացմանը նպաստելու առումով:

էկոտուրիզմի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գնալով աճում է. 2015թ. նրանց թիվը կազմել է 2054 մարդ, 2016թ.-ին՝ 2110, իսկ 2017թ.-ին՝ 3000-ից ավելի կլինի:

Դիտարկելով էկոտուրիզմը, որպես զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչ՝ ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության, Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի մասնագետ Վահագ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը որդեգրել է էկոտուրիզմի զարգացման քաղաքականություն՝ այս պահին մշակվում է էկոտուրիզմի հայեցակարգը, իսկ 2018թ.-ին պաշտոնապես իր դռները կբացի Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնը:

Թվարկելով բնության հատուկ պահպանվող տարածքներում կազմակերպվող տուրիստական երթուղիների և ծառայությունների բազմազանությունը (թռչնադիտարկում, Կարմիր գրքում գրանցված կենդանիների դիտարկում, ձիարշավ, նավարկություն, լեռնամագլցում և այլն) բանախոսը շեշտադրեց, որ ոլորտի զարգացումը կնպաստի նաև էկոկրթությանը, բնական միջավայրի, բնության և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Սեմինար-քննարկման հաջորդ թեման նվիրված էր զբոսաշրջության զարգացմանը ՀՀ-ում ներկայիս էկոլոգիական մարտահրավերների պայմաններում: Այն ներկաների ուշադրությանը ներկայացրեց «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը:

Կոնկրետ օրինակների վրա ներկաները տեղեկացան այն բնապահպանական խնդիրներին, որոնք անհամատեղելի են զբոսաշրջության զարգացման հետ: Որպես խնդրի լուծման գործիք Մարի Չաքրյանը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիան՝ նշելով, որ այն տալիս է իմանալու, մասնակցելու և փոխելու իրավունք: Ապագա մասնագետներին ու որոշում կայացնող մարմինների ապագա աշխատակիցներին կոչ արեց կայացնել խելամիտ որոշումներ՝ հաշվի առնելով առաջնահերթ շրջակա միջավայրի պահպանության ու ներդաշնակ, կայուն զարգացման սկզբունքները:

Միջոցառման ընթացքում ակտիվ քննարկումներ ծավալվեցին տարաբնույթ հարցերի շուրջ, մասնակիցները դիտեցին տեսանյութ Կալավան համայնքի զարգացման օրինակելի փորձի մասին:

Երևանի Օրհուս կենտրոն