356 view

«Էկո-պարեկ»-ն իր վերահսկողության տակ կառնի Երևանի բակային խաղահրապարակները

10.11.2017
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկել է «Էկո-պատրուլ» նախագիծը: Այն ներառում է մի քանի բաղադրիչներ, որոնք կարելի է դասակարգել երեք խմբում՝ էկոկրթական, իրազեկման և հանրային վերահսկողության: Նպատակն է բարձացնել հանրության իրազեկվածությունը շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ, նպաստել, որպեսզի քաղաքացիներն իրենք գիտակցեն շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով իրենց առողջությանն սպառնացող վտանգները, անձամբ վերահսկեն շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները և տեր կանգնեն կայացվող որոշումների վրա ազդելու իրենց իրավունքին:

Բնականաբար իրավական կարևոր գործիքներից է այստեղ Օրհուսի կոնվենցիան, որը հանրությանը տալիս է իրազեկ լինելու, որոշումների կայացմանը մասնակցելու ու փոխելու իրավունքներ: Այս պահին մշակվում են «Էկո-պատրուլների» գործունեության գործիքները՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Դրանցից մեկը մշակվել է Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ, հավանության արժանացել Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կողմից իրականացվող CitizenLab 2017-ի շրջանակում:

Էկոպարեկների ցանցի առաջին բջիջն իր վերահսկողության տակ կառնի Երևան քաղաքի բակային խաղահրապարակները՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության անդամ (կրթաթոշակառու) կազմակերպության նախագահ Մարի Չաքրյանի «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» խորագրով նախաձեռնության շրջանակում: Այս նախագիծը հավանության է արժանացել Արևելյան գործընկերության տարածաշրջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նախաձեռնությունների իրականացման համար տրվող աջակցության ծրագրի շրջանակում, որի նպատակը տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման գործում հանրային սեկտորի դերի ընդլայնումն է:

«Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» ծրագրի շրջանակում էկոպարեկներն մշտադիտարկում կիրականացնեն՝ արձանագրելու իրավիճակը, կուսումնասիրվի իրավական դաշտը՝ պարզելու համար, թե որ կառույցներն են պատասխանատու բակային խաղահրապարակների տեղադրման, հետագա պահպանության ու վերահսկողության համար, կուսումնասիրվեն գույություն ունեցող քաղաքաշինական նորմերը, կիրականացվի էկոլոգիական վիճակի մոնիտորինգ: Այդ ամենի հիման վրա կստեղծվի ամբողջական փաթեթ խաղահրապարակների վիճակի վերաբերյալ և ձևավորված շահագրգիռ խումբը հանդես կգա իրավիճակի բարելավման առաջարկություններով:

Ցանկացած մտահոգ անձ կարող է համալրել «Էկո-պատրուլ»-ների շարքը ու իր փոքրիկ, բայց որոշիչ նպաստն ունենալ շրջակա միջավայրի բարելավման ու անվտանգության ապահովման գործում:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ