129 view

Բնապահպանական ժողովրդավարություն մեր կայուն ապագայի համար. Բուդվայի հռչակագիր

07.11.2017

Aarhus_prtr1Սեպտեմբերին, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ և դրա ԱԱՏՌ արձանագրության 3-րդ նստաշրջանին ընդունվել է նաև հռչակագիր, որը վերաբերում է Բնապահպանական ժողովրդավարությանն՝ ի նպաստ մեր կայուն ապագայի:

Փաստաթուղթն ձգտում է հաղորդել Օրհուսի կոնվենցիայի և դրա արձանագրության հիմնական գաղափարները Կայուն զարգացման նպատակների իրականացման ժամանակ և Կողմերի հանձնառությունները:

Փաստաթղթում մասնավորապես կողմերի պատվիրակությունների ղեկավարները, Կոնվենցիան ու Արձանագրությունն ստորագրողների ներկայացուցիչները, միջազգային, տարածաշրջանային և հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և այլ կառույցների ներկայացուցիչներ վերահաստատել են իրենց ամուր վճռականությունը` նպաստելու բնապահպանական ժողովրդավարությանը և դրա առանցքային բաղադրիչներին՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը, հասարակության մասնակցությանը և արդարադատության մատչելիությանը ԵՏՀ տարածաշրջանում և դրանից դուրս, որպես ներկա և գալիք սերունդների համար կայուն ապագա կառուցելու անհրաժեշտ նախադրյալներ:

Փաստաթղթում կարևորվում է շրջակա միջավայրին առնչվող հարցերում ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման համար Օրհուսի Կոնվենցիայի և ԱԱՏՌ արձանագրության ներքո առաջատար և ոգեշնչող գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհում, ինչպես նաև իրականացման համապատասխանության մեխանիզմները: Այս առումով առանձնակի նշվում է Օրհուս կենտրոնների կայացումը՝ որպես կարևոր կամուրջներ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև:

Միաժամանակ հռչակագրում մտահոգություն են հայտնվում այն մասին, որ մարդու իրավունքների խախտումները, ահաբեկչությունը և արմատականությունը խաթարում են աշխարհի շատ երկրներում ժողովրդավարության հիմքերը, այդ թվում նաև այն երկրներում, որոնք հանդիսանում են Օրհուսի կոնվենցիայի և դրա Արձանագրության կողմեր: Հույս են հայտնվում, որ ահաբեկչության դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցները Կոնվենցիայի շրջանակներում իրավունքների նվազեցման հիմք չեն հանդիսանում՝ քան երբևէ կարևորելով արդարադատության մատչելիության բաց և թափանցիկ մեխանիզմների միջոցով անկախ դատական համակարգին դիմելու ժողովրդավարական իրավունքը:

Փաստաթուղթն ընդունող մարմինը դրանում նաև իր անհանգստությունն է հայտնում ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի պահպանության համար պայքարող ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների, նրանց լռեցնելու և անգամ սպանությունների դեպքերի աճի վերաբերյալ՝ հիշեցնելով Մաստրիխտի հռչակագրի միջոցով ստանձնած հանձնառությունը Թափանցիկության վերաբերյալ, որպես բնապահպանական ժողովրդավարության շարժիչ ուժ էկո-ակտիվիստների և շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն տվողների իրավունքների պաշտպանության համար: Մենք նաև հիշում ենք Մարդու իրավունքների խորհրդում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության մասին որոշումն, այդ թվում շրջակա միջավայրի հետ կապված հարցերը լուծելու վերաբերյալ:

Փաստաթղթում կոչ է արվում Կողմերին ապահովել էկո-ակտիվիստների, տեղեկատվություն տվողների և ՀԿ-ների պատշաճ պաշտպանությունը, որպեսզի նրանք, առանց որևէ սպառնալիքի կարողանան իրականացնել Օրհուսի Կոնվենցիայով և ԱԱՏՌ Արձանագրությամբ իրենց տրված իրավունքները:

«Մենք շեշտում ենք, որ տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը և արդարադատության մատչելիությունը մեծացնում են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, պատասխանատվության և աջակցության ավելացման հաշվին հանգեցնում են ավելի լավ որոշումների կայացմանը՝ և ի վերջո օգնում են նվազեցնել հակամարտությունները և բարձրացնում կայունությունը»,- նշված է հռչակագրում:

Ողջունելով կոնվենցիայի մի քանի Կողմերի ձեռնարկած նախաձեռնությունները տեղեկատվություն տրամադրողներին պաշտպանելու համար` Կողմերի հանդիպման մասնակիցները խրախուսել են կառավարություններին խոսքի ազատությունը և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մարդկանց անվտանգ մասնակցությունն ապահովող քայլեր ձեռնարկել:
Հռչակագրի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ կից :

(Բնօրինակին ծանոթանալու համար մուտք գործեք կայքի անգլերեն բաժին):

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Սույն նյութը պատրաստվել է «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: