258 view

Օրհուսի կոնվենցիան և դրա կիրառումը տեղական մակարդակում. Ապարան

06.11.2017

Ապարանի Օրուս կենտրոնի կողմից անցկացվեց իրազեկման դասընթաց «Օրհուսի կոնվենցիայի կիրառումը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման առումով. դրական փորձ» թեմայով: Այն նախաձեռնվել էր «Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոն» ՀԿ աջակցությամբ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը հիմնականում մասնակցում էին Ապարան համայնքի դպրոցների ուսուցիչներ, տնօրինության ներկայացուցիչներ:

Դասընթացի սկզբում, Օրհուս կենտրոնի համակարգողը մասնակիցներին ներկայացրեց Կոնվենցիայի հիմնադրույթները, տեղեկացրեց, որ Օրհուսի կոնվենցիան կապող օղակ է մարդու բնապահպանական իրավունքի և շրջակա միջավայրի անվտանգության միջև, որ շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության մատչելիությունը, բնապահպանական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում հանրային մասնացությունը կարևոր գործոն է հասարակության և ողջ երկրի ժողովրդավարության զարգացման համար:

Ներկաները իմացան ինչ է Էկոլոգիական տեղեկատվությունը, ինչ իրավունքներ է սահմանում քաղաքացիների համար, ինչ պարտականություններ է դնում Օրհուսի կոնվենցիան պետական մամինների վրա, ինչպես պետական ծառայողները պետք է ապահովեն հասարակության պատշաճ տեղեկացվածությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ, որոնք են պետական մարմինների պարտավորությունները հասարակությանը որոշումների ընդունման գործընթացին ներգրավելու ուղղությամբ:

Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց շնորհանդես Ապարանի և հարակից համայնքների բնապահպանական խնդիրների, դրանց առաջացման պատճառների վերաբերյալ (հանքարդյունաբերություն, փոքր հիդրոէներգետիկա, կենցաղային թափոններ, Քասաղ գետի և ջրամբարների աղտոտում և այլն):

Կենտրոնի համակարգողը ներկայացրեց գործնականում կոնվենցիայի կիրառման վերաբերյալ կենտրոնի դրական փորձի մի քանի օրինակ:

Այսպես, Մելիքգյուղի հարևանությամբ գտնվող Թուխմանուկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործումը առաջ էր բերել մի շարք բնապահպանական, սոցիալական, առողջապահական և արտադրական անվտանգության խնդիրներ և համայնքի բնակիչների բացասական դիրքորոշումը հանքի հետագա գործունեության վերաբերյալ: Իրազեկվելով Կոնվենցիայով սահմանված համայնքի բնապահպանական խնդիրների առնչությամբ տեղեկատվություն ստանալու և որոշումների կայացման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքի մասին՝ բնակիչները պայքարեցին առողջ ու անվտանգ միջավարում ապրելու իրենց իրավունքի համար: Ներկայումս հանքավայրի շահագործումը դադարեցված է:

Միջոցառման ավարտին ծավալվեց քննարկում, որի ընթացքում նշվեց, որ նկատվում է որոշակի դրական առաջընթաց որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության, համայնքային խնդիրների նկատմամբ բնակիչների շրջանում անտարբերության նվազման առումով, սակայն տարածաշրջանում դեռևս շատ են այն համայնքները, որոնց բնակչության մասնակցությունը համայնքային ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին աննշան է կամ կրում է ֆորմալ բնույթ և իրենց բնապահպանական իրավունքի իմացությունը, ինչպես նաև համայնքին առնչվող կամ համայնքային խնդիների վերաբերյալ հարց ընդգրկելու, առաջարկություն կատարելու նախաձեռնությամբ հանդես գալու մշակույթի, պրակտիկայի ձևավորումը, դառնում է ժամանակի հրամայականը:

Նատալյա Մանուկյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Նյութի բովանդակությունը, դրանում արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: