247 view

Օրհուսի կոնվենցիան և դրա կիրառումը տեղական մակարդակում. Հրազդան

23.10.2017

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ կողմից, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ աջակցությամբ իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ «Օրհուսի կոնվենցիան և դրա կիրառումը տեղական մակարդակում» թեմայով իրազեկման միջոցառում, որին մասնակցում էին ուսուցիչներ, քաղաքացիներ, ուսանող, ՀԿ և Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացուցիչներ:

Հրազդանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչ Ա. Մնացականյանը խոսեց Հրազդանի տարածաշրջանի շրջակա միջավայրի վիճակի վատթարացման, սպառնացող վտանգների և դրանց կանխարգելման նպատակով հասարակության իրազեկման ու հանրության ձայնը լսելի դարձնելու կարևորության մասին: Մասնավորապես, ներկայացվեց Օրհուսի կոնվենցիան՝ որպես քաղաքացիական հասարակության կայացման գործիք՝ շրջակա միջավայրի հարցերի մասին տեղեկացված լինելու, որոշումների կայացմանը մասնակցելու ու անհրաժեշտության դեպքում, իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով արդարադատությանը դիմելու առումով:

Նա խոսեց նաև ՏԻՄ-ների, հասարակության, մասնավոր սեկտորի միջև համագործակցության հնարավորության մասին՝ ներկայացնելով ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների փորձը՝ միտված ոլորտի թափանցիկ կառավարմանը: մասնավորապես ներկայացվեց Աղտոտիչներ Արտանետումների Տեղափոխման Ռեգիստոր (ԱԱՏՌ) արձանագրությունը, որը կոչ է անում ձեռնարկություններին հանրությանը կամովի ներկայացնել ճշգրիտ տվյալներ վտանգավոր նյութերի արտանետումների վերաբերյալ: (Արձանագրությունը Հայաստանը ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել):

Միջոցառման ընթացքում ծավալվեց բուռն քննարկում, որտեղ հնչեցին մի քանի խնդիրներ ու հարցադրումներ կապված ԱԱՏՌ արձանագրության վավերացման հետ, քանի որ ներկաները այլ երկրների փորձը հետաքրքիր և կարևոր համարեցին:

Թեև ներկայումս Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հետ կապված որևէ զարգացումներ չկան, այնուամենայնիվ Հրազդանում հարցը մշտական ուշադրության կենտրոնում է քաղաքացիների շրջանում: Մասնակիցները մասնավորապես կասկածի տակ դրեցին հարցը, թե՝ արդյո՞ք իրենց կտեղեկացնեն աշխատանքներն սկսելուց առաջ: Օրհուս կենտրոնի ներկայացուցիչը, ով ներկայացրել էր նաև ՇՄԱԳ գործընթացը և հասարակական լսումների անցկացման կարգը, հորդորեց աչալուրջ լինել՝ հիշեցնելով, որ Օրհուս կենտրոնը անհրաժեշտության դեպքում կնպաստի տեղեկատվության տարածմանը:

Ներկաները փաստեցին, որ պաշտոնական կայքերում ջրերի, օդի և հողի վիճակի մասին իրենց փնտրտուքներն ապարդյուն են անցնում, մինչդեռ իրենց հետաքրքիր է՝ թե ինչ ջրով և ինչ հողում է ստացվել սնունդը, որն ընդունում է իրենց երեխան: Ինչը նրանք որակեցին որպես տեղեկատվության անհասանելիություն կամ իսպառ բացակայություն:

Միջոցառման մասնակիցներից մեկը նշեց, որ հրաշալի կլիներ դպրոցական ծրագրերին համապատասխան բնապահպանական ծրագրեր մշակվեին և աշակերտների հետ նույնպես նմանատիպ միջոցառումներ անցկացվեին, որպեսզի նրանք, որպես երկրի ապագա տերեր, առավել իրազեկ լինեն իրավիճակի ու ընթացիկ գործընթացների մասին:

Քննարկման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին՝ կարևորելով նմանատիպ իրազեկման միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

Անահիտ Մնացականյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Նյութի բովանդակությունը, դրանում արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: