455 view

Օրհուսի կոնվենցիայի իմացությունը դրա կիրառման կարևոր նախապայման

10.10.2017
Հոկտեմբերի 6-7-ը, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց «Օրհուսի կոնվենցիայի ճանաչում և կիրառում» խորագրով: Դասընթացին ընդգրկվել էին մասնակիցներ ՀՀ 9 մարզերից և Երևանից՝ Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ: Նպատակն էր իրազեկել կոնվենցիայի իրականացման ուղղությամբ ՀՀ գործողությունների, կոնվենցիային առնչվող փաստաթղթերի, այդ թվում Համապատասխանության կոմիտեի որոշումների, կոնվենցիայի իրականացման ուղղությամբ միջազգային գործընթացների ու փորձի, ինչպես նաև սեպտեմբերին Մոնտենեգրոյի

Բուդվա քաղաքում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ և Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի մասին (ԱԱՏՌ) արձանագրության 3-րդ հանդիպման մասին:

Դասընթացի մասնակիցներին ողջունեց «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը՝ կարևորելով նմանատիպ միջոցառումները՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից:

Օրակարգն ընդգրկուն էր՝ Շրջակա միջավայրի ու մարդու առողջության պահպանության, ոլորտում ժողովրդավարության հաստատման և շրջակա միջավայրի լավ կառավարման համար այս ուրույն գործիքի անհրաժեշտությունից մինչև Հայաստանի անհամապատասխանության վերաբերյալ որոշումներ ու համապատասխանեցման ուղղությամբ գործողություններ:
Դասընթացին հարվիրված բանախոսներ Գոհար Ղազինյանը, Հարություն Մովսիսյանը, Նազելի Վարդանյանը, Արթուր Գրիգորյանը, Սիլվա Այվազյանն ու Նատալյա Մանուկյանն ապահովեցին բազմօրինակ տեղեկատվության ներկայացումը դասընթացի մասնակիցներին:

ՀՀ Բնապահպանության նախարարի խորհրդական, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հայկանուշ Պարսամյանն էլ ներկայացրեց, թե Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկել և նախատեսում ազգային օրանսդրությունը կոնվենցիային համապատասխանեցնելու ուղղությամբ, խոսեց կողմերի հանդիպման կարևոր պահերի ու Հայաստանի դիրքորոշման մասին: Տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել կոնվենցիայի ներքո Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին ուղղումը, սակայն գործընթացը դանդաղում է, բայց ահա, ԱԱՏՌ արձանագրության վավերացումը մոտ ապագայուն չի սպասվում, այլապես մեր երկիրն ստիպված կլինի ստեղծել արտանետումների ռեգիստրի մեկ ընդհանուր համակարգ, որը թանկ արժե:

Այս հարցի շուրջ Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը ներկայացրեց այլ երկրների, մասնավորապես Ուկրաինայի և Բելառուսի փորձը, որտեղ ՀԿ սեկտորի և կառավարության համագործակցությամբ, մեկնարկային ծրագրերով ապահովվել է արտանետումների որոշակի տեսանելիություն և տեղեկատվության հասանելիություն էլեկտրոնային պարզ համակարգերի ներդրման միջոցով:

Որպես կոնվենցիայի դրույթները ազգային օրենսդրության մեջ ամրագրելու և համապատասխանության կոմիտեի արձանագրած բացթողումների շտկման համար կողմին ներկայացված առաջարկությունները հաշվի առնելու ուղղությամբ առաջընթաց՝ ներկայացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սակայն փորձագետ, իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը ներկայացրեց, որ դրանում ևս կան բացթողումներ, մասնավորապես նախատեսված ժամկետների ու հանրության պատշաճ իրազեկման ու մասնակցության առումով:

Որպես Օրհուսի, նաև բնապահպանական այլ կոնվենցիաների իրականացման կարևոր նախապայման՝ փորձագետ Գոհար Ղազինյանը նշվեց շրջակա միջավայրի մշտադիտարկման ու դրա հիման վրա ամբողջ երկրի համար ամփոփ տեղեկատվության անհրաժեշտությունը, որը հիմնարար փաստաթուղթ պետք է հանդիսանա ցանկացած գործողության պլանավորման և իրականացման համար: Նա հատկապես շեշտադրեց շրջակա միջավայրի տարրերի փոխկապակցվածությունը, հետևապես հավասարակշռության պահպանությունը:
ԵՊՀ դասախոս Հարություն Մովսիսյանն էլ մանրամասնեց ՇՄԱԳ գործընթացը՝ ուշադրություն հրավիրելով հանքերի շահագործման թույլտվությունների տրման ընթացակարգի վրա:

«Էկոիրավունք» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը խոսեց հատկապես արդարադատության մատչելիության հարցերի մասին՝ օրինակ բերելով Հայաստանում կոնվենցիայի այս կարևոր հիմնասյան ամրապնդման պրակտիկայի բացակայությունը՝ մանրամասնելով, որ ՀԿ մանսին օրենքը ոչ միայն չի լուծում խնդիրն, այլև բարդացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում խախտված իրավունքների համար դատարան դիմելու գործընթացը, ընդհուպ` զրկում դատարան դիմելու սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:

Ապարանի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչ Նատալյա Մանուկյանը խոսեց տեղական մակարդակում կոնվենցիայի պրակտիկ կիրառման դրական փորձի մասին, երբ հաջոցվել է ապահովել իրազեկ հանրության գիտակից մասնակցություն որոշումների կայացմանը՝ որպես վերջնարդյունք ունենալով մասնակցային որոշում:

Դասընթացը նախաձեռնող «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կոնվենցիային առնչվող պաշտոնական տեղեկատվության ձեռքբերման էլեկտրոնային տեղեկատվական գործքներն ու սկզբնաղբյուրները, որից հետո մասնակիցները, թիմային աշխատանքի միջոցով, իրենց ստացած գիտելիքները կիրառեցին գործնականում:

Դասընթացին որպես ազատ ունկնդիրներ մասնակցեցին նաև «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ երիտասարդական խմբի անդամները:

Դասընթացը կազմակերպվել էր Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տրամադրած ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«Դասընթացի բովանդակությունը, ընթացքում արտահայտված տեսակետները և կարծիքները կարող են չհամընկնել Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ