939 view

15 տարի Օրհուս կենտրոնների հետ

20.09.2017
Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման միջոցառումների շրջանակում ԵԱՀԿ-ն նշեց Օրհուս կենտրոնների ստեղծման 15 ամյակը:

Տասնյակից ավելի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ԵՏՀ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր քննարկեցին բանապահպանական լավ կառավարման կյանքի կոչման գործում նպաստ ունեցած այս ուրույն ցանցի զարգացման ուղին, որի մեկինարկը տրվել է Երևանի Օրհուս կենտրոնի ստեղծմամբ:

«Շնորհիվ 14 երկրների 60 Օրհուս կենտրոնների՝ ԵԱՀԿ-ն աջակցում է տեղական մակարդակում բնապահպանական լավ կառավարմանը»,- նշեց ԵԱՀԿ-ի տնտեսական և շրջակա միջավայրի գործունեության համակարգող դեսպան Վուկ Զուգիչը՝ համարելով դրանք տեղական մակարդակում «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ի իրականացման իդեալական հարթակներ: Նա մասնավորապես կարևորեց կենտրոնների դերը ԿԶՆ 16-րդ նպատակի իրագործման գործում՝ Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ:

Մոնտենեգրոյի Կայուն զարգացման և տուրիզմի նախարարության պետքարտուղար Սաշա Ռադուլովիչը տեղեկացրեց, որ Մոնտենեգրոյի Օրհուս կենտրոնները հանրությանը տրամադրում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն, բարձրացնում հանրության իրազեկության մակարդակը և ընդլայնում հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը՝ սերտ համագործակցելով ոլորտի տեղական կառավարման մարմինների հետ:

Կենտրոնների գործունեությունը կարևորեց նաև ՄԱԿ_ի ԵՏՀ Շրջակա միջավայրի բաժնի ղեկավար Մարկո Կեյները, մասնավորապես՝ գնահատելով դրանց ներուժը, ի նպաստ կայուն զարգացման, շահագրգիիռ կողմերի միջև երկխոսության պլատֆորմ հանդիսանալու առումով:

2002թ. Երևանում առաջին Օրհուս կենտրոնի ստեղծման պատմության ներկայացումը վերապահված էր ԵԱՀԿ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ֆրենկ Էվերսին, ով այն ժամանակ համակարգել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի տնտեսական ու շրջւակա միջավայրի ծրագրերը: Նա առանձնակի հարգանքով նշեց առաջին կենտրոնի ստեղծման գաղափարի հեղինակների անունները՝ Սոնա Այվազյանի, ով այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրենն է և Ռուզաննա Բաղդասարյանի, ով այն ժամանակ զբաղվում էր ԵԱՀԿ Երևանի գրասենյակի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերով:

Ի սկզաբե կենտրոնների նպատակն է եղել նպաստել կողմ երկրներում Օրհուսի կոնվենցիայի դրույթների մասին իրազեկության մակարդակի բարձրացմանն ու կոնվենցիայի իրականացման գործում աջակցել կառավարությանը, սակայն ժամանակի ընթացքում կենտրոնների գործառույթներն առավել ընդգրկուն են դարձել՝ ներառելով Կայուն զարգացման գրեթե բոլոր ուղղությունները:
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն, ով կենտրոնում նվիրաբար աշխատում է ստեղծման օրվանից, ներկայացրեց Հայաստանում Օրհուս կիենտրոնների ցանցի ձևավորման ամբողջ գործընթացը: Նա նշեց, որ ցանցի ձևավորմանը և արդյունավետ աշխատանքին նպաստել է թիմային աշխատանքը, որի համար հիմք է հանդիսացել Օրհուս կենտրոնների ճանապարհային քարտեզը, որը մշակվել էր ԵԱՀԿ-ի կողմից։

www.aarhus.am կայքի պատասխանատու Մարի Չաքրյանն էլ խոսեց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և Հայաստանում էկոժուռնալիստիկայի ձևավորման մասին, մասնավորապես նշելով կենտրոնների զարգացմանը զուգահեռ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունն առավել մատչելի ու հասանելի դարձնող էլեկտրոնային հարթակների ստեղծման ու նպատակային կիրառման մասին՝ ի նպաստ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության ակտիվ ներգրավման:

Նշվեց, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման պատճառով կենտրոնների գործունեությունն այսօր լուրջ խոչընդոտների է հանդիպել: Շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ ավագ խորհրդական Էսրա Բութանին հայտնեց իրենց պատրաստակամությունը հնարավորության դեպքում շարունակական աշխատանքին աջակցելու առումով:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ