689 view

Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ նստաշրջանի քրոնիկոն

19.09.2017
Սեպտեմբերի 10-15-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում տեղի ունեցան Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ և «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման մասին» ԱԱՏՌ արձանագրության 3-րդ նստաշրջանները և դրանց ներքո բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները:
Ողջունելով Օրհուսի կոնվենցիայի կողմերի նստաշրջանի մասնակիցներին՝ հյուրընկալող երկրի Կայուն զարգացման և զբոսաշրջության նախարար Պավլե Ռեդուլովիչը կարևորեց Մոնտենեգրոյի

համար Կայուն զարգացման սկզբունքների ներդրումը որոշումների կայացման և մարդու իրավունքների արժևորման գործում Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնասյուների միջոցով:

Ողջույնի խոսքում ՄԱԿ-ի ԵՏՀ Շրջակա միջավայրի բաժնի ղեկավար Մարկո Կեյներն ընդգծեց հանդիպման նպատակները, այդ թվում կոնվենցիայի և ԱԱՏՌ արձանագրության իրականացման ընթացքի վերանայումը՝ սահմանելով Կայուն զարգացման նպատակներին այդ երկու գործիքների համապատասխանությանն ուղղված առաջնահերթությունները: Նա կարևորեց ինչպես այս, այնպես էլ բնապահպանական ժողովրդավարության հետ կապված մի շարք այլ հարցերին անդրադարձող հռչակագրի ընդունումը:

Օրակարգի ընդունումից հետո պատվիրակներն անցան կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ համապատասխանության մասին որոշումների նախագծերի քննարկմանը: Հայաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Չեխիայի, Ղազախստանի ու Իսպանիայի առնչությամբ որոշումների նախագծերը հավանության արժանացան առանց փոփոխության:

Մասանավորապես, Հայաստանի առնչությամբ Համապատասխանության կոմիտեն որոշման նախագծում պնդել էր V9/a որոշմամբ իր առաջ քաշած հարցերը: Օրհուսի կոնցվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը նշեց, որ Հայաստանը հետևել է համապատասխանության կոմիտեի առաջարկներին և բավարարել է կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ պարագրաֆի պահանջը, որն արտացոլված է ՀԿ-ների մասին նոր օրենքում:

Հարցի շուրջ «Էկոլոգիական իրավունք» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն իր ելույթում կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեին խնդրեց Հայաստանի կառավարության դեմ որպես պատասխանատվության միջոց կիրառել զգուշացում: Այս միջոցը կիրառելու պահանջը նա պայմանավորեց նրանով, որ օգոստոսի 30-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ դատական վարույթի ընթացքում Հայաստանի վարչական դատարանը որոշում է ընդունել գործով հայցվոր էկոլոգիական հասարակական կազմակերպություններին զրկել դատարան դիմելու իրավունքից: «Դատարանի այս որոշումը բացարձակ արհամարհանքի դրսևորում է Հայաստանի միջազգային պարտավորությունների և հենց կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի նկատմամբ»,_ ավելացրեց նա:
Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ նստաշրջանը շարունակվեց նաև հաջորդ երկու օրերին: Կոնվենցիայի քարտուղարությունը տեղեկացրեց, որ 2014թ.-ից ի վեր նոր վավերացումներ չեն եղել, հետևապես կողմերի թիվը մնացել է անփոփոխ՝ 47:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կանխամտածված տարածմանը և շուկայահանմանը վերաբերող հարցերին հանրության մասնակցության մասին ուղղմանը (ԳՁՕ ուղղում), ապա այն վավերացնող կողմերի թիվը ավելացել է 3-ով, 28-ց դարձել է 31՝ շնորհիվ Վրաստանի, Ֆրանսիայի և Մալթայի: Սակայն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ևս 2 վավերացում: Ուստի քարտուղարությունը կոչ արեց կողմերին առաջիկայում աշխատանքներ տանել այս կարևոր փաստաթուղթը վավերացնելու ուղղությամբ:

Եվրոպական Էկո-ֆորում կազմակերպության ներկայացուցիչը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ չնայած Ռուսաստանը մասնակցել է կոնվենցիայի տեքստի մշակմանը, բայց դեռևս չի վավերացրել այն: Գվինեա Բիսաուի ներկայացուցիչ Մարիո Բեստիստա Կամալան տեղեկացրեց, որ իր երկիրն արդեն ներդրել է Օրհուսի կոնվենցիայի բոլոր սկզբունքները և հույս հայտնեց, որ առաջիկայում այլ Աֆրիկյան երկրներ ևս կմիանան:

Հերթական անգամ կարևորվեց կորողությունների զարգացման ուղղությամբ գործողությունների ընդլայնման ու համակարգման աշխատանքները ինչպես տեղական, այնպես էլ ազգային ու ենթատարածաշրջանային մակարդակներում:
Մի շարք կազմակերպություններ կիսվեցին այդ առումով իրենց տեսակետներով ու կարարած աշխատանքով:

Պատվիրակները համաձայնություն տվեցին կողմերի նստաշրջանի աշխատանքների ամփոփմանը: Կոնսենսուսի սկզբունքով ընտրվեցին Բյուրոյի ղեկավար կազմն ու անդամները, այդ թվում դիտորդ՝ հասարակական կազմակերպությունների կողմից:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցան մի շարք թեմատիկ միջոցառումներ նվիրված բնապահպանական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներին, միջազգային ջրային համաձայնագրերին համապատասխանության գործում հասարակության դերին, Ֆրանսիական կողմը ներկայացրեց իր հաջող փորձը բնապահպանական ժողովրդավարության ամրապնդման, կլիմայի փոփոխության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու և Փարիզյան համաձայնագրի իրականացման նպատակով քաղաքացիների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

Այդ միջոցառումների թվում ԵԱՀԿ-ն ներկայացրեց Օրհուս կենտրոնների 15-ամյա գործունեությունը:

Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Հայկանուշ Պարսամյանը, Համապատասխանության կոմիտեի վերընտրված անդամ Հեղինե Հախվերդյանը, փորձագետ Գոհար Ղազինյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Դիլիջանի, Վանաձորի Օրհուս կենտրոնների, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» և «Էկոիրավունք» ՀԿ-ների ներկայացուցիչները:

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը. http://aarhusmontenegro.me/news :

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ