921 view

Հասարակական քննարկում Երևանի ՋԷԿ-ի նոր ենթակայանի վերակառուցման շուրջ

30.08.2017
Այսօր Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ «Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը: Ենթակայանի վերակառուցման աշխատանքները իրականացվում են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, մոտ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկով:

Այդ աշխատանքների Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտն իրականացրել է «ՔՈՆՍԵԿՈԱՐԴ» ՍՊԸ-ն:

Ընկերության տնօրեն Վռամ Թևոսյանի տեղեկացմամբ ենթակայանի շինարարությունը շրջակա միջավայրի վրա վտանգավոր ազդեցություն չի ենթադրում: Երևանի ՋԷԿ-ը գտնվում է քաղաքի հարավային մասում, արդյունաբերական շրջանում: Մոտակա բնակելի «Էրեբունի» և «Նորագավիթ» թաղամասերը գտնվում են ՋԷԿ-ից մոտ 2500-3000մ հեռավորության վրա: Բանախոսի տեղեկացմամբ ՋԷԿ-ի մոտակայքում կան ժամանակավոր բնակվող ընտանիքներ, որոնց կացարանի հարցի լուծման խնդրանքով ՋԷԿ-ի ղեկավարությունը դիմել է Երևանի քաղաքապետին:

Ըստ քննարկման դրված փաստաթղթի, ներկայացվող աշխատանքների իրականացմամբ «Երևանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ:
Քննարկման մասնակից «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանն առաջ քաշեց ներկայումս շահագործվող էներգաբլոկի գործունեությանը վերաբերող մի շարք տեխնիկական, ինչպես նաև իրականության ու փաստաթղթում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության հարցեր: Նրա գնահատմամբ արտանետվող գազի (CO2) ջերմաստիճանը նախկինում եղել է 95-100OC, այժմ 200 OC -ից ավելի է, որն անթույլատրելի է, կարևորեց պարզել նման բարձր ջերմաստիճանով արտանետման պատճառը: Ենթադրվում է, որ ջերմաբլոկում տաք գոլորշի ու տաք ջուր չի արտադրվում, փոխարենը ջերմությունն արտանետվում է մթնոլորտ:

Երևանի ՋԷԿ-ի 220/110/35կվ ենթակայանի վերակառուցման» ՇՄԱԳ նախնական հայտի հեղինակները տեղեկացրին, որ իրենք պատասխանատու են միայն ենթակայանի կառուցման համար, հետևապես ՋԷԿ-ի գործունեությանը վերաբերող հարցերը պարզաբանելու իրավասություն չունեն: «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ ներկայացուցիչն առաջարկեց տեղում ծանոթանալ կայանի գործունեությանը ու ստանալ հարցերի պատասխանները:

Ենթակայանը պետք է ծառայի նաև Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկին, որի կառուցման թույլտվությունն արդեն տրված է: Փորձառու էներգետիկ Էդվարդ Արզումանյանն այս առումով ևս տվեց իր մեկնաբանությունները, որ Երևանը ևս մի ՋԷԿ-ով ծանրաբեռնելն անթույլատրելի է, հատկապես, որ դրա կառուցումը հիմնավորվում է Իրանին էլեկտրաէներգիա տալով, մինչդեռ Իրանը նախատեսում է 2 ատոմակայանի կառուցում, որից հետո նա այլևս Հայաստանից էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտություն կարող է չունենալ, հետևապես հետագայում մենք կունենանք էկլեկտրաէներգիայի ավելցուկ ու բնապահպանական ծանր բեռ: Ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս կիսում են այս տեսակետը: (Հիշեցնենք, որ Հրազդան-5 ՋԷԿ-ն այս պահին աշխատում է իր հզորության 30-40%-ի սահմաններում):

Առիթից օգտվելով՝ քննարկմանը մասնակից ՀԿ-ները որոշեցին դիմել Բնապահպանության նախարարությանը՝ Երևան ՋԷԿ 2-րդ էներգաբլոկի կառուցման ՇՄԱԳ փաստաթղթի հասարակական լսումների արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, որպեսզի հասկանան, թե ինչ հիմքով է տրվել կառուցման թույլտվությունը: Էդվարդ Արզումանյանը շատ զարմանալի համարեց, որ մայիսին դրվում է այդ նոր ջերմային բլոկի հիմնաքարը, իսկ հունիսին Ազգային ժողովը հաստատում է Կառավարության ներկայացրած 2017-2022թ. պետական ծրագիրը, որում այդ օբեկտը նախատեսված չէ:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ