1,442 view
Մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության վերացման համար պահանջվում է որոշումների կայացման թափանցիկություն և հանրության մասնակցություն

06.07.2017

Aarhus_web-health (1)Մեր առողջությունն ու բարեկեցությունը համարժեք է օդի որակին, որը շնչում ենք, ջրին, որը խմում ենք և հողի որակին, որի վրա ապրում ենք: Ամեն տարի աշխարհում գրանցվող մահացությունների 22%-ը բաժին է ընկնում էկոլոգիական պատճառներին՝ քաղցկեղի բոլոր տեսակների 17% -ը, ինսուլտների 25% -ը և ասթմայի դեպքերի 44% -ը:

2016թ. Համաշխարհային բանկի հրապարակած հաշվետվության համաձայն Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Տրանսպորտային միջոցներից, արդյունաբերության և էներգիայի արտադրության արդյունքում առաջացած օդի աղտոտվածությունը հանգեցրել է վաղաժամ մահվան ավելի քան 500.000 դեպքի: Եթե փորձենք ներկայացնել այս կորուստը ֆինանսական լեզվով, ապա այն համարժեք կլինի ամբողջ Եվրամիության 2013 թվականի ՀՆԱ-ի մեկ տասներորդին: Բացի այդ, 2000-2013 թթ.-ին Կովկասում համաճարակների բռնկումների ավելի քան 38% -ը և Կենտրոնական Ասիայում 30%-ը պայմանավորված են եղել ջրի որակով: Թվային պատկերն առավել մռայլ է Հարավային Ասիայի, Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների համար: Հարավային Ասիայում հատկապես բարձր է մահացությունը օդի աղտոտվածության պատճառով: Այս անհանգստացնող տվյալներն ավելի են սրվում առողջության համար վտանգ ներկայացնող մյուս ցուցանիշների համադրման պարագայում, ներառյալ թունաքիմիկատների ու պեստիցիդների ազդեցությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված եղանակային վտանգավոր երևույթների հաճախացումն ու ինտենսիվացումը:

Վերջին 30 տարում այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ համաեվրոպական տարածաշրջանի երկրներն ստեղծեն մեխանիզմներ՝ հաղթահարելու շրջակա միջավայրի ու առողջության պահպանության ռիսկերն ու մարտահրավերները:

Հենց այս մարտահրավերներին են ուղղված ՄԱԿ-ի ԵՏՀ մի շարք ծրագրերն ու կոնվենցիաները: Բացի այդ ՄԱԿ-ի ԵՏՀ-ն հանդիսանում է շրջակա միջավայրի և առողջության ոլորտում ԱՀԿ –ի կողմից իրականացվող Եվրոպական գործընթացի առանցքային գործընկերը:

Չնայած հանրության իրազեկության բարձրացման և շրջակա միջավայրի և առողջության հետ կապված հարցերի լուծմանը հանրության մասնակցության անհերքելի անհրաժեշտությանը, «Շրջակա միջավայր և առողջություն» եվրոպական գործընթացը կանգնած է որոշումների կայացման թափանցիկության և մասնակցային մոտեցումներից բխող մարտահրավերների առջև:

Մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազեդեցության առավել խորն ընկալումն անհնարին է, եթե հանրությանը տրված չէ համապատասխան ամբողջական տեղեկատվության բավականաչափ հասանելիություն և իրենց շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը մասնակցության հնարավորություն՝ ազգային ու միջազգային մակարդակներում:

Սա մեկն էր այն եզրակացություններից, որին հանգել են Օրհուսի կոնվենցիայի Կողմերի աշխատանքային խմբի 21-րդ հանդիպման շրջանակում անցկացված «Շրջակա միջավայր և առողջություն» եվրոպական գործընթացի հատուկ թեմատիկ նիստի ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ու առողջության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման և որոշումների կայացմանը հանրության մասնակցությանը նպաստելու ուղղությամբ կոնվենցիայի Կողմերի կողմից ձեռնարկված միջոցները, հատկապես Շրջակա միջավայրի և առողջապահության Վեցերորդ նախարարական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների տեսանկյունից (Օստրավա, Չեխիա, 13 -15 Հունիսի, 2017թ.): Հանդիպմանը մասնակցել են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԱՀԿ-ն, հասարակական կազմակերպությունների գիտական ու մասնավոր հատվածի շուրջ 100 ներկայացուցիչներ:

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրից՝ http://www.unece.org/info/media/news/environment/2017/eliminating-environmental-threats-to-human-health-requires-transparent-decision-making-and-public-participation/doc.html :

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը