1,392 view
«S.O.S. Սևան» նախաձեռնության կոչն ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի

03.07.2017

Sevan_photoՎերջին օրերին «S.O.S. Սևան» նախաձեռնությունը տարաբնույթ միջոցառումներ է ձեռնարկել հանրությանը հնարավորինս իրազեկելու հավելյալ ջրառի դեպքում Սևանա լճին սպառնացող վտանգների մասին: Նախաձեռնության անդամները հավաքել են փաստեր ու փորձագիտական կարծիքներ, դրանք ներկայացրել պետական այրերին՝ պահանջելով ետ կանգնալ նման մտադրությունից ու սատարել ԱԺ-ին մերժել Սևանա լճից հավելյալ ջրառի օրենքի նախագիծը:

Քարոզարշավի շրջանակում Սևանա լճից հավելյալ ջրառի դեմ ստորագրահավաք է մեկնարկել Change.org օնլայն հարթակում՝ իրենց կարծիքները թողնելու ու նախաձեռնությանը միանալու հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերին ու Սևանի խնդրով մտահոգ օտարերկրացիներին:
Ամեն օր տեղի են ունեցել մամուլի ասուլիսներ, ելույթներ, հարցազրույցներ: Ի պաշտպանություն Սևանա լճի Հուլիսի 1-ին բողոքի ակցիա է անցկացրել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի «Աժդահակ» բնապահպանական կենտրոնը:

Հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Ազգային ժողովը կսկսի նիստը, որի օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել:

Նույն օրը ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ընդդեմ Սևանա լճից հավելյալ 100 միլիոն մ3 ջուր վերցնելու կառավարության առաջարկին:
Նույն օրը, ժամը 9:00-ին, Գեղարքունիքի մարզում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ):

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների 6 պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին: Դեմ են քվեարկել «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորները:

«S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները կոչ են անում ԱԺ խմբակցություններին օրենքի նախագծի վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել մինչ օրս ներկայացված հիմնավոր փաստարկները և մտահոգությունները, իսկ հանրությանը կոչ են անում միանալ հուլիսի 4-ին տեղի ունենալիք բողոքի ակցիաներին` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ