259 view
«S.O.S. Սևան» քաղաքացիական նախաձեռնությանը միացել են ավելի քան 350 հասարակական կազմակերպություն ու քաղաքացիական նախաձեռնություն

30.06.2017

Sevan«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու հիմնավոր պահանջով:
«S.O.S. Սևան» նախաձեռնությանը միայն մեկնարկի ու դրան հաջորդող օրվա ընթացքում սատարել է ավելի քան 350 կազմակերպություն: Այն բաց է միանալու համար:

«S.O.S. Սևան» նախաձեռնության հիմնավորումը ստորև.
«ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:
Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սևանա լճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով:

Նախագծի հիմնավորման 1-ին կետը վերաբերում է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:

Օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են ջրամբարների և ջրհոսքերի հաշվարկները, մոնիտորինգի արդյունքները: Նշվում է, որ լճից 170 մլն խմ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:

«Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա»,- նշված է նախագծում:

Հիշեցնենք, որ 2001-2012թթ-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30.8 միլիոն դոլլար արժողությամբ Համաշխարհային բանկի «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները:

Նշենք, որ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 502,240.0 հազ. խմ, ջրտուքը՝ 326,440.0 հազ. խմ, կորուստը` 175,800.0 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը: 2014թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 559,800.0 հազ. խմ, ջրտուքը կազմել է 353,190.0 հազ. խմ, կորուստը` 206,610.0 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:

Օրենքի նախագծում նշված է. «Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն խմ, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն խմ-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն խմ անցած տարվա 14.3 մլն խմ-ի փոխարեն»:

Այստեղ բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները և հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել: Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սևանա լճի էկոհամակարգին պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում` ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի և այլն:

Օրենքի նախագծում նշված է. «Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ/սմ):

Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»:

Նախագծում բերված տվյալները, թե 2001թ-ից մինչև 2017թ-ի հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4,59 մ-ով, չի համապատասխանում իրականությանը: Նշված թիվը հաշվարկվել է մեթոդական անթույլատրելի սխալներով: Այս թվում ներառված է 2011թ-ի Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, և երկրորդ՝ 2017թ-ի հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001թ-ի լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է և հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետևաբար, լճում ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 միլիարդ խմ-ով, այլ ոչ թե 6 միլիարդ խմ-ով:

Ինչ վերաբերում է նախագծում նշված մուլտիպլիկատիվ էֆեկտին, ապա այն միայն բացասական բնապահպանական ազդեցություն կունենա, ինչը պետք է բացառվի Սևանա լճի համար՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ նշված է. «Նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին: Կլիմայի փոփոխման պայմաններում Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70մլն խմ ջրի կորուստ գոլորշիացման հետևանքով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն խմ: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը:

Համաձայն նախագծի Սևանա լճից ևս 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8սմ-ով՝ արդյունքում խախտելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ, Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով, անհրաժեշտ է ապահովել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը»:

Մեր կողմից հավելենք, որ լճի դրական հաշվեկշիռը չի որոշվում կամայականորեն ընտրված ժամանակահատվածի համար, ինչպես դա նշված է նախագծի հիմնավորման «Էկոլոգիական» բաժնում: Հաշվեկշիռը համարվում է դրական, եթե ապահովվում է մշտական աճ: 2012 և 2014 թվականներին Սևանա լճից հավելյալ ջրառի իրականացման արդյունքում գրանցվել է Սևանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:

Նախագծում հղում է արվում ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության վրա: Հանձնաժողովը ընդունել է կամայական որոշում` ի դեմս հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի, ով անտեսել է հանձնաժողովի անդամների բացասական կարծիքը: Հասարակությունը պետք է պարտադիր կերպով ներգրավված լիներ նախագծի քննարկումներին, ինչը չի արվել»:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
«Բլեջան» ՀԿ
Էկոլոգիական հասարակական դաշինք (50 ՀԿ)
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
«Հայաստանի անտառներ» ՀԿ
«Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ
«Մարտունու համայնքային զարգացման կենտրոն» ՀԿ
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ
«Համայնքի զարկերակ» ՀԿ
«Արեգունի» ՀԿ
Հայկական բնապահպանական ճակատ
Գագիկ Սուխուդյան, «Սևան» ազգային պարկի նախագծի հեղինակ
««Աժդահակ» լրագրողների ասոցիացիա» ՀԿ
«Civil Voice» ՀԿ
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
«ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբ ՀԿ
«Գոյ» բնապահպանա-իրավական ՀԿ
«Երիտասարդ Տավուշ» ՀԿ
«Էկոլոգիական կայունություն» ՀԿ
«Բիոսոֆիա» ՀԿ
«Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ
«S.O.S. Սևան» նախաձեռնություն
«S.O.S. Գառնի» նախաձեռնություն և այլք