1,635 view

Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում

09.06.2017
Հունիսի 5-8-ը ՀՀ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Երևանի պետական համալսարանի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործունեություն ծավալող ՀԿ դաշտի մի խումբ ներկայացուցիչներ մասնակցեցին «Էկոհամակարգային ծառայությունների (ԷԾ) ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» խորագրով դասընթացի:
Դասընթացի նպատակն է` գիտակցել, որ էկոհամակարգային ծառայությունների և զարգացման փոխադարձ կապը զարգացման պլանավորման կարևոր գործոն է:

Այն նախաձեռնել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակը «ԷԾ արժեքներ. քաղաքականության, պլանավորման և գործնական կիրառման մեջ էկոհամակարգերի ինտեգրման մեթոդներ» նախագծի (ValuES) շրջանակում: BMUB-IKI- կողմից ֆինանսավորվող այս գլոբալ նախագիծն աջակցում է նախարարությունների և այլ կազմակերպությունների մասնագետներին, խորհրդատուներին և որոշում կայացնողներին` էկոհամակարգային ծառայությունները որոշումների կայացման և պլանավորման գործընթացներին ինտեգրելու հարցում՝ խթանելով գնահատման մեթոդների համեմատական վերլուծությունը, խրախուսում վերապատրաստումը և միջազգային փորձի փոխանակումը:

Միաժամանակ ազգային մակարդակում նման դասընթացներ են անցկացվել նաև Վրաստանում և Ադրբեջանում: Հայաստանի որոշում կայացնող մարմինների, քաղաքացիական հասարակության ու գիտական հատվածի ներկայացուցիչների համար դասընթացն անցկացրին տարածաշրջանային փուլում վերապատրաստված Վարդան Մելիքյանն ու Արսեն Գասպարյանը:

Վարդան Մելիքյանի խոսքով ցանկալի կլինի, որ նման դասընթաց անցնեն նաև մյուս՝ ՀՀ Ֆինանսների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, կրթական համակարգի ներկայացուցիչները: Նա ժամանակավրեպ չի համարում ԷԾ –ների ինտեգրումը Հայաստանում որոշումների կայացման գործընթացում. «ԷԾ գնահատումը գործիք է, որի որոշ էլեմենտներ այժմ հեշտությամբ և արդյունավետորեն կարող ենք կիրառել»,- նշեց նա:

Դասընթացավար Արսեն Գասպարյանը կարևորեց դասընթացն առաջնահերթ կենսաբազմազանությունն ու էկոհամակարգերի պահպանությունն ավելի լայն շրջանակներին, այդ թվում որոշում կայացնողներին, ձեռներեցներին, կառավարման մարմիններին ներկայացնելու, առավել տեսանելի դարձնելու տեսանկյունից. «Ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում մենք կորցնում ենք էկոհամակարգեր, ինչը, եթե ակնառու է բնապահպանների համար, ապա՝ ոչ մյուսների համար, և հատկապես՝ դրա վրա ազդողների: Ցանկացած զարգացում կարող է հանգեցնել էկոհամակարգերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի, որը երկարաժամկետ կտրվածքում բացասական ազդեցություն կարող է ունենալ հենց տնտեսվարողներիի համար, հետևաբար դրանց պահպանությունն իրենց իսկ շահերից է բխում»:

Դասընթացի ընթացքին հետևում էր ValuES նախաձեռնության ներկայացուցիչ Ուլրիկե Տրոգերը: Մեզ հետ զրույցում նա կարևորեց ԷԾ-ն՝ որպես լրացուցիչ փաստարկ կայուն զարգացման գործընթացքում, որը խաչաձևվելով այլ հարցերի հետ կարևոր գործոն է հանդիսանում բնության պահպանության համար: «Տնտեսության զարգացման մասին խոսելիս մենք հաճախ մոռանում ենք բնապահպանության և բնապահպանական միջոցառումների մասին, էկոհամակարգերի կողմից մատուցվող ծառայությունների գնահատման պարագայում մենք հաշվի կառնենք դրանց պահպանության կարևորությունը»,- հավելեց տիկին Տրոգերը:

Դասընթացը հաջողությամբ ավարտեցին նաև Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն ու Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքի պատասխանատու Մարի Չաքրյանը:
Քաղաքականության, պլանավորման գործընթացներում և գործնականում ԷԾ ինտեգրման մեթոդների մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ սույն հղումով՝ www.aboutvalues.net:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ