2,725 view
«Վայկ Մետալ» ընկերությունը վիճարկել է ՇՄԱ փորձաքննական բացասական եզրակացությունը

03.04.2017

Gladzor_villageԱնցած տարի «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությունը ներկայացրել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ դրական եզրակացություն ստանալու ակնկալիքով:
Նախատեսվում էր բաց եղանակով հանքաքարի արդյունահանում՝ հաջորդաբար մշակելով բացահանքի երեք փոքր տեղամասերը, այն դեպքում, երբ Գլաձոր բազմամետաղային հանքավայրի հայցվող կենտրոնական մասը գտնվում է «Եղեգնաձոր» պետական արգելավայրի սահմանից 1300մ հեռավորության վրա, իսկ ամենամոտ բացահանքի ծայրակետը՝ 650մ հեռավորության վրա: Հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի տարածքո, 6-10 կմ հեռավորության վրա են գտնվում Վերնաշեն, Հերմոն և Շատին գյուղերը:
SONY DSCՈւսումնասիրելով և վերլուծելով ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությունը և նախագծային փաստաթղթերը, փորձաքննական գործընթացքում առաջարկությունների և դիտողությունների հիման վրա կատարված լրամշակումները, Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքում իրականացված հանրային քննարկումների արդյունքները և այլ փաստաթղթեր, պարզվել է, որ համաձայն նախագծի հանքաքարի հաստատված պաշարների մոտ 0,6%-ն է նախատեսված շահագործել բացահանքի միջոցով և ոչ մի խոսք մնացած 99,4% պաշարների մասին, նախագծում չի իրականացվել նախատեսվող գործունեության տարածքի հիդրոերկրաբանական պայմանների լիարժեք ուսումնասիրություն, բացակայել են նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակները, դրանց համեմատական բնութագրերն ու ընտրված տարբերակի հիմնավորումը:Համայնքը դեմ է արտահայտվել հանքի շահագործմանը՝ հիմնավորելով, որ հեռանկարային զարգացման համար ընտրում են գյուղատնտեսությունը, հիմնավորելով նաև, որ հանքավայրի շահագործման արդյունքում կվնասվեն և կաղտոտվեն նշված տարածքից սկիզբ առնող ջրերի հոսքերը, հնարավոր բացասական ազդեցություն կկրի շրջակա միջավայրը, բնակչության առողջությունը:Հաշվի առնելով վերը շարադրված ու այլ փորձաքննական հիմնավորումներ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետները 2016թ. դեկտեմբերի 15-ին «Վայկ Մետալ» ՍՊԸ կողմից ներկայացված Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի ՇՄԱ հաշվետվության վերաբերյալ տվել են բացասական եզրակացություն: Սակայն այն չի բավարարել ընկերության ակնկալիքները, և ընկերության ղեկավարությունը դատական կարգով վիճարկել է բացասական եզրակացությունը՝ հղում անելով ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքին: Մինչդեռ փորձաքննական եզրակացության համար հիմք է հանդիսացել ՀՀ ՇՄԱԳՓ օրենքը:

Հիշեցնենք, որ դեռ 2016թ. նոյեմբերին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն փորձել էր ծանր տեխնիկա մտցնել Գլաձորի հանքավայրի տարածք՝ հանդիպելով ազդակիր Վերնաշեն և Գլաձոր համայնքների 700-ից ավելի բնակիչների բողոքի ալիքին և չտրամադրելով նրանց պահանջած անհրաժեշտ փաստաթղթերը:

Մինչ օրս եղել են դեպքեր, երբ քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս առանձին անհատների կամ հասարակական կազմակերպությունների բողոքարկի որևէ հանքի շահագործման ՇՄԱԳ փաթեթի վերաբերյալ Բնապահպանության նախարարության փորձաքննական դրական եզրակացությունը, բայց վերջին տարիների մեր ունեցած տվյալնների համաձայն, սա առաջին դեպքն է, երբ վիճարկվում է փորձաքննական բացասական եզրակացությունը:
Հիմնավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Պետական փորձաքննական եզրակացությունից:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն»