1,610 view

Բացվել է «Հայկական միրգ. ծաղկից մինչև պտուղ» «հյութեղ» ցուցահանդեսը

24.03.2017
Անտառների և ծառի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում բացվել է ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդատու, ագրոէկոլոգ- լուսնակարիչ Գալուստ Նանյանի «Հայկական միրգ. ծաղկից մինչև պտուղ» լուսանկարչական ցուցահանդեսը:

Հեղինակի խոսքով ցուցահանդեսը բացվում է երկրորդ անգամ և այս անգամ ավելի երկար ժամանակով կցուցադրվի հասարակությանը. «Լուսանակարներն արել եմ ՀՀ-ի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում:

Օրինակ՝ մարտին նկարել եմ ծիրանենու ծաղիկը, սպասել մինչև այն պտղակալի, հասունանա, որ պտուղը նկարեմ: Օրինակ` զկեռի համար հասել եմ «Շիկահող» պետական արգելոց, իսկ մասուրը նկարելու համար` «Արևիկ» ազգային պարկ: Լուսանկարների 30%-ը նկարել եմ մեր այգում (Էջմիածնի շրջան)»,- ասել է հեղինակը, և հավելել.

«Գլխավորը ծաղիկները չեն, այլ այն պտուղները, որոնք արդյունքում առաջանում են։ Ինչպես և մարդու մեջ. ոչ թե երեխան է կարևոր, այլ թե ինչպիսի մարդ կդառնա նա ապագայում։ Ահա այս միտքն էի ուզում փոխանցել»:

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հասարակական տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով, անտառներին ու ծառերին պետք է հնարավորինս խնամքով վերաբերվել, որպեսզի դրանից չտուժեն բնությունն ու մարդիկ. «Հատկապես կարևոր են պտղատու ծառերը, հենց դրանք են ներկայացված ցուցահանդեսին»։

Ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 10-ը։

Ցուցահանդեսի բացումից հետո Գալուստ Նանյանը նաև բնապահպանական դասընթացով հանդես է եկել Արարատի մարզի Արգավանդ գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտների համար: Թեման եղել է ոչ միայն Հայաստանի անտառները, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքները, անրադարձ է կատարել Օրհուսի կոնվեցիային և, թե ինչով է զբաղվում Արարատի բնապահպանական հասարակական տեղեկատավության Օրհուս կենտրոնը:

Ցուցահանդեսի ավարտին Նանյանն իր կողմից դպրոցի տնօրինությանն է նվիրել «Անտառի բարիքները» և «Կանաչ Հայաստան» պատկերազարդ գրքերը, որոնք պատմում են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մասին: