2,572 view
«Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջների արտացոլումը ՀՀ օրենսդրության մեջ», քննարկում

27.02.2017

espoo1Փետրվարի 24-ին, «Civil Voice» հասարակական կազմակերպության հրավերով տեղի ունեցավ «Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջների արտացոլումը ՀՀ օրենսդրության մեջ» խորագրով քննարկում, զեկուցող՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյան։
Բանախոսը ներկայացրեց «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի և «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպոյի կոնվենցիաներին ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունների մասին իր փորձագիտական վերլուծությունը: Նշված խնդիրները քննարկվեցին պրակտիկ օրինակների հիման վրա:

Տիկին Վարդանյանը հատկապես կարևորեց մարդու առողջության վրա շրջակա միջավայրի փոփոխության ազդեցության գնահատման բացակայությունը մեր երկրում՝ օրինակ բերելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ՇՄԱԳ փաստաթղթի վերաբերյալ ՀՀ Առողջապահության նախարարության դիրքորոշումը. «Ոչ մի դիտողություն կամ առաջարկություն չունենք»:

yerevan_27_02_1

Բանախոսի կարծիքով, քանի դեռ ՀՀ կառավարությունն, ըստ օրենսդրական պահանջի, չի հաստատել ՇՄԱ գնահատման մեթոդաբանությունը, որը պարտադիր փաստաթուղթ է, բոլոր փորձաքննական եզրակացությունները, որոնք արվել են 2014թ. –ից հետո, պետք է անվավեր համարվեն:Առավել մարնամասն Էսպոյի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված վերլուծության մեջ:

Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար վեր կհանի ու կքննարկի վերոնշյալ կոնվենցիաներին ազգային օրենսրության անհամապատասխանություններն, օրենսդրության բարելավման համապատասխան առաջարկություններ կմշակի և կներկայացնի դրանք պատկան մարմիններին:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ