2,947 view

Դրական տեղաշարժ Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնասյան՝ արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ

27.01.2017
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն իր քաղաքականության մեջ միշտ շահագրգիռ է եղել, որպեսզի կյանքի կոչվեն«Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի դրույթները:Սակայն դեռ կան մի շարք օրենսդրական բացեր ու պրակտիկայի ձևավորման անհրաժեշտություն՝ կոնվենցիայով հանրությանը տրված լայն իրավունքների իրականացումը պատշաճ ապահովելու համար: Դրա վառ ապացույցն են Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի Հայասատանի

առնչությամբ կայացրած որոշումները անհամապատասխանության վերաբերյալ, որոնք առավելապես վերաբերում են օրենսդրական բացերին, իրավական կարգավորումների ու ընթացակարգերի բացակայությանը:

Դրանցում արծարծված հիմնական հարցերից երկուսը վերաբերում են ՀԿ-ների արդարադատությանը դիմելու իրավասուբյեկտությանը և, կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ազգային օրենսդրությամբ հասարակայնության ներկայացուցչներին անկախ և անկողմնակալ մարմնում ընդունված որոշումների վերանայման հնարավորություն ընձեռելուն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ թիմն անցած տարիներին աշխատել է կոնվենցիայի իրականացման համար հիմք հանդիսացող մի շարք օրենսդրական բացերի ուղղությամբ, մշակել համապատասխան մեխանիզմնե, ներկայացրել օրենսդրական առաջարկներ:

Դրանց կարևորությունը ներկայացնելու նպատակով, հունվարի 17-ին «Հանրային իազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցածփորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

Ինչ վերաբերում է ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտությանը, պրոֆեսորԳևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենք դեռ 6 տարի առաջ,Սահմանադրական իրավունքի կենտրոնում կազմակերպված գիտաժողովում միանշանակ դիրքորոշում են հայտնել, որ ՀԿ-ները հանգիստ կարող են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հանդես գալ այլոց իրավունքների պաշտպանությամբ: «Մեր մոտեցումն այն է, որ եթե ՀԿ-ն բնապահպանության ոլորտում բարձրացնում է հանրային նշանակության խնդիրներ, պետք է ունենա հնարավորություն դատարան դիմելու: Բայց զարգացումները մի փոքր հակասական եղան: Եղան նաև իրավաբաններ, որոնք գտնում էին, որ պատշաճ չէ հկ-ներին նման կարգավիճակ վերապահելը: Հետագայում, երբ Օրհուսի կոնվենցիայի իրականացման արդյունավետության խնդիրը դրվեց, պարզ դարձավ, որ սխալվել ենք այս հարցում և ՀԿ-ներին պետք է վերապահել դատավարական իրավասուբյեկտություն»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Գևորգ Դանիելյանը ողջունեց կառավարության՝ հանձինս Արդարադատության նախարարության, նախաձեռնությունը, որի շնորհիվ ՀԿ-ներին դատավարական իրավասուբյեկտություն վերապահելու հարցադրումը դրական լուծում է ստացել, չնայած, որ կան մի քանի ձևակերպումներ, նորմեր, որոնք վիճահարույց են համարվում առանձին հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների կողմից:

«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ն թիմն այն մոտեցմանն է, որ եթե մարդուն տրվում են իրավունքներ՝ իր իրավունքները պաշտպանելու համար, ըստ էության այդ գործընթացը վերածվում է քողարկված պարտականության:

«Դուք շատ լավ հասկանում եք, որ հատկապես բնապահպանության ոլորտում մարդու հիմնական խնդիրը իր իրավունքները պաշտպանված տեսնելն է, անվտանգ բնական միջավայր տեսնելն է: Հիմնական մեր մոտեցումն այն է, որ սրանով պետք է զբաղվեն իրավասու մարմինները»,- հանդիպման մասնակից լրագրողներին տեղեկացրեց փորձագետը:
Նոր Սահմանադրությամբ ամրագրվեց, որ Օմբուդսմենը կարող է մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնել ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլև ՀԿ_ների հետ փոխհարաբերություններում, իսկ ոլորտների ու կազմակերպությունների հստակեցման հարցը վերապահվեց օրենքին: Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծի 11-րդ հոդվածով այդպիսի ոլորտ համարվեց շրջակա միջավայրը՝ որոշ վերապահումներով.«խախտումները պետք է լինեն զանգվածային բնույթի և ունենան հանրային մեծ նշանակություն»: «Այս երկու հարցադրումները հնարավորություն են տալիս առանձնացնել այս ոլորտում առավել էական խնդիրները և ակնկալել որ դրանց լուծմանը արդեն կարող է արձագանքել ՄԻՊ-ը: Այստեղ ևս դիմելու կարիք չպետք է լինի, եթե խախտումն արձանագրված է, ուրեմն իրավասու մարմինները պետք է արձագանքեն»,-նշեց փորձագետը:

Մյուս կողմից Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծի 21-րդ հոդվածում փորձագիտական վերոնշյալ թիմի առաջարկությամբ ներգրավվել է մի դրույթ, ըստ որի պաշտպանը կարող է բարձրացնել նաև պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը: Մասնավորապես «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ թիմն առաջարկել է հետևյալ ձևակերպումը «…Պաշտպանը, եթե առկա են հիմքներ, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին կամ իրավասու պաշտոնատար անձին առաջարկում է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձին, ում գործողությամբ, անգործության կամ որոշմամբ խախտվել են իրավունքներն ու ազատությունները»: Ըստ այդմ իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել առաջարկը ու սահմանված ժամկետում տեղեկացնել պաշտպանին: Պաշտպանի առաջարկը վերջինիս պատասխանատվության ենթարկելու հիմք է:

Պրոֆեսոր Դանիելյանի գնահատմամբ, չնայած սա վերջնական լուծում չէ, դեռ այս ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն, բայց ողջունելի է, որ և ԱԺ-ն, և պաշտպանի գրասենյակը այս հարցում համահունչ քաղաքականություն իրականացրեցին, ինչի արդյունքում ունենք ընդունելի նախագիծ:

Այսպիսով, Օրհուսի կոնվենցիայի ներքո արդարադատության մատչելիության ապահովման առնչությամբ կարչող ենք արձանագրել դրական տեղաշարժ մեր երկրում, որոշներն արդեն իրականություն են, որոշները դեռևս ԱԺ-ի ընթերցման փուլում:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ