894 view

Էկոլոգիական կրթության ու դաստիարակության զարգացման հարցերը ԲՆ 2017թ. գործողությունների ծրագրի առանցքում

28.12.2016
Դեկտեմբերի 23-ին քննարկվեցին Էկոլոգիական կրթության ու դաստիարակության զարգացման ռազմավարական հարցերն՝ Օրհուսի կոնվենցիայի համատեքստում: Աշխատաժողովը ձեռնարկել էր ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր ողջույնի խոսքում նախ կարևորեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում: Էկոկրթությունը համարեց էկոլոգիական քաղաքականության հիմնաքարը: «Չկա այնպիսի մի մեկուսացած գործունեություն, որն ազդեցություն չունենա շրջակա միջավայրի վրա, հետևաբար անձի մեջ
դեռ մանկուց պետք է ձևավորել այն պատկերացումներն ու համոզմունքները, որոնք հետագայում կհավասարակշռեն նրա գործողությունները»,- նշեց նախարարը:

Տեղեկացրեց, որ շոշափվող թեման ԲՆ 2017թ. գործողությունների ծրագրի սկզբունքային հարցերից է:

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ցանկացած համակարգի ներդրման գործում էկոլոգիական մտածելակերպը հավասարազոր է համարում օրենքներին ու իրավական ակտերին: Նա ձեռնամուխ է եղել «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի նախագծի օրենսդրական նախաձեռնությանը՝ կարևորելով հատկապես էկոլոգիական դաստիարակությունը:

ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը էկոկրթության ոլորտում հաջողության գրավական համարեց համագործակցությունը ինչպես ԲՆ ու ԿԳՆ միջև, այնպես էլ ՀԿ-ների ու միջազգային կազմակերպությունների հետ: Նրա կարծիքով առանց ակտիվ քաղաքացիների, առանց դիրքորոշում ունեցող անձանց դժվար է հաջողության հասնել, ինչը և Օրհուսի կոնվենցիայի պահանջն է: Կոչ արեց կրթությունը չհամարել լոկ գիտելիքների փոխանցման գործըթնաց, քանի որ գիտելիքների պակասն առավելապես նկատելի է վերոնշյալ արժեքների ձևավորման առումով:

ԵԱՀԿ դեսպան Արգո Ավակովի խոսքով էկոկրթության հարցերը կարևորվում են ԵԱՀԿ գործունեության մեջ: Պատահական չէ, որ ԵԱՀԿ-ն ձեռնարկել է Օրհուս կենտրոնների միջոցով կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը ռեսուրսօգտագործման, շրջակա միջավայրի պահպանության ու այլ հարցերում համապատասխան աջակցություն ցուցաբերելու, այդ թվում շարունակական կրթություն ապահովելու գործընթացը: Նա մեջբերեց աշխարհի 14 երկրների ՕԿ-ների ներկայացուցիչների Վիեննայում կայացած հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեի ելույթը, որտեղ վերջինս կարևորել է ՕԿ-ների դերը ոչ միայն ժողովրդավարական արժեքների զարգացման, այլև տնտեսա-էկոլոգիական արդյունավետության չափելիության ու անվտանգության ապահովման առումով:

Աշխատաժողովին քննարկվեցին ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրերում բնապահպանական ու կայուն զարգացման բաղադրիչները, էկոկրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության մշակման հիմնական սկզբունքները: ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, Կրթության ազգային ինստիտուտի դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի պետ Մելանյա Դավթյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Երևանի Գևորգ Չաուշի անվան N 188 դպրոցի ներկայացուցիչները ներկայացրին էկոկրթության խնդիրներն ու դրանց հաղթահարման գործում ձեռքբերումները:

Հայաստանի Օրհուս կենտրոնների թիմի ներկայացուցիչ Մարի Չաքրյանը խոսեց էկոկրթության գործընթացում ՕԿ-ների դերի մասին ՝ կարևորելով էկոկրթությունը հատկապես Օրհուսի կոնվենցիայով հանրությանը տրված իրավական լծակների գրագետ օգտագործման առումով:

Վերջում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով ծրագրերի պատասխանատու Մատիաս Լիխտենբերգը ներկայացրեց «Տիկնիկ» ՀԿ-ն թատրոնի թիմին, որը ԵԱՀԿ աջակցությամբ պատրաստել է «Կանաչ Սյունիք» տիկնիկային ներկայացումն ու հյուրախաղերով հանդես եկել Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքներում՝ տիկնիկների միջոցով 2000-ից ավելի հանդիսատեսի փոխանցելով բնապահպանական ուշագրավ հարցեր:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան