3,382 view
Հայաստանի ՕԿ-ների կոորդինացիոն հանդիպմանը քննարկվեցին Օրհուսի կոնվենցիայի իրականացման մարտահրավերներն ու ՕԿ-ների հետագա ռազմավարությունը
28.12.2016
Դեկտեմբերի 20-21-ը, Դիլիջանում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ, ՀՀ Բնապահպանության նախարարության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների կոորդինացիոն հանդիպումը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով ծրագրերի պատասխանատու Մատիաս Լիխտենբերգը, ողջունելով ներկաներին, կարևորեց Օրհուս կենտրոնների (ՕԿ) գործունեությունը, որպես ԵԱՀԿ առանցքային նախաձեռնություններից մեկը:

Կենտրոնները բացառիկ կերպով միավորում են շրջակա միջավայրի պահպանության ու անվտանգության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կազմակերպության ջանքերը:

Նա նշեց, որ Օրհուսի կոնվենցիայի, դրան կից արձանագրությունների ու ուղղումների իրականացման ուղղությամբ աշխատանքը ԵԱՀԿ համար առաջիկա տարիներին մնալու է գերակա սկզբունք: Պարոն Լիխտենբերգն առաջարկեց քննարկել, թե որ ուղղությունն է պետք առավել զարգացնել՝ շեշտադրելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության (ՇՄԱԳՓ) գործընթացի բարելավումը, պրակտիկ գործիքների ներդրման մեթոդոլոգիայի մշակումն ու հանրային լսումների իրականացման մոնիտորինգի խորացումը: Այս առումով նա կարևորեց ներկայում ԲՆ հետ համագործակցության հաջող ընթացքը:

Շարունակելով թեման, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը նշեց, որ ՇՄԱԳՓ գործընթացի ուղղությամբ փոփոխություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է ուղղված լինեն շրջակա միջավայրի պահպանությանը, որոշումների ընդունման գործընթացին հանրության, հատկապես ազդակիր համայնքների դիրքորոշման ներառմանը: Նա ՕԿ-ների շարունակական դերը կարևորեց հատկապես հանրությանը ՇՄԱԳ նախագծերին ծանոթացնելու գործում:

Թեմայի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Մասնավորապես քննարկման առարկա դարձավ ԲՆ կողմից ներկայացված «ՀՀ կառավարության 2014 թվականի նոյհեմբերի 19-ի N1325-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանը նշեց, որ պետք է այնպիսի մեխանիզմներ լինեն, որ հանրային լսումների իրականացման ընթացակարգը խախտողները պատասխանատվություն կրեն: Առաջարկ հնչեց, որ եթե հանրությունը չի մասնակցել հանրային լսումներին ու ոչ մի առաջարկ չի ներկայացվել նախագծի վերաբերյալ, ապա լսումները համարվեն չկայացած, այդ դեպքում նախաձեռնողը շահագրգիռ կլինի ներգրավել լայն հասարակությանը: «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ, www.aarhus.am կայքի պատասխանատու Մարի Չաքրյանը մատնանշեց Մաստրիխտյան առաջարկությունները, որոնք մանրամասն սահմանում են որոշումների կայացմանը հանրության մասնակցության ընթացակարգը և կարևորեց դրանց ներդրումը ազգային օրենսդրության մեջ:

Այդ ընթացքում կապ հաստատվեց Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանի հետ, ով տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գրասենյակի ու Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների հետ նախկին խորհրդատվական հանդիպումների արդյունքում արդեն իսկ որոշվել է մշակել հանրային լսումների կազմակերպման ու անցկացման նոր կարգ՝ լիովին հիմնվելով Մաստրիխտյան առաջարկությունների վրա: Այդ նպատակով նա դիմել է ԵԱՀԿ գրանսենյակին՝ փաստաթուղթը թարգմանելուն աջակցելու խնդրանքով:

Հաջորդիվ, Օրհուսի կոնվենցիայի իրականացման մարտահրավերներից զատ քննարկվեցին Օրհուս կենտրոնների հետագա ռազմավարությանն առնչվող տարաբնույթ հարցեր: ԲՆ Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ աշխատակիցներ Էլմիրա Մելիքյանն ու Գոհար Հարությունյանը ներկայացրին Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության մոնիտորինգի արդյունքները ու աշխատանքի բարելավման առաջարկություններ: Կարևորվեց նաև Մեղրիում ՕԿ հիմնելու անհրաժեշտությունը:

Օրհուս կենտրոնների համակարգող-փորձագետները 2016թ. ներկայացրին գործունեության արդյունքներն ու հաջողությունները: Օրինակ, Դիլիջան, Կապան, Ապարան համայնքների ավագանինները քննարկել են Օրհուս կենտրոնի միջնորդությամբ հանրության ներկայացրած առաջարկություններն ու դրանց մի մասը ներառել համայնքի զարգացման ծրագրում, Ալավերդի համայնքը հաղթող է ճանաչվել Եվրոպայի խորհրդի Լավագույն գործելակերպ ծրագրում՝ քաղաքացիական մասնակցություն անվանակարգում, որում՝ ծառայությունների մատուցման, տեղական մակարդակում քաղաքացիների մասնակցության բարելավման առումով, մեծ է եղել Օրհուս կենտրոնի դերը:

Այս և մյուս կենտրոնների գործունեության արդյունքների մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի Փորձագետի անկյուն բաժնից (http://aarhus.am/?page_id=34 ) կամ տվյալ կենտրոնի էջից:

Վերջում հանդիպման մասնակիցները դիտեցին WWF –ի պատրաստած «Գիտակից Կովկաս (Հայաստան)» տեսաֆիլմը՝ նվիրված Հայաստանի բնությանն ու մշակույթին, էկոտուրիզմի հնարավորություններին:

Մարի Չաքրյան