2,481 view
Բնապահպանության ոլորտում միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հիմնախնդիրների և ներդաշնակեցման վերաբերյալ աշխատաժողով
27.12.2016
Դեկտեմբերի 17-18ը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում կայացավ աշխատաժողով Բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված/վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հիմնախնդիրների և ներդաշնակեցման վերաբերյալ:
Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատողներ, կոնվենցիաների ազգային համակարգողներ, նախարարության առանձնացված ստորաբաժնումների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ փորձագետներ և Օրհուս կենտրոնների ցանցի ներկայացուցիչը:

Ազգային համակարգողների կողմից ներկայացվեցին «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիաները, քննարկվեցին դրանց հետ կապված խնդիրները, որոնք առկա են կամ կարող են առաջանալ՝ պայմանավորված որոշ գործողությունների չկատարմամաբ, բնապահպանական ռիսկերը, զարգացման առաջարկներ:

Ներկայացումներին հաջորդեցին բուռն քննարկումները: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո իրականացվող ազգային ծրագրերի գիտական խորհրդատու, կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն առաջարկեց միջազգային կոնվենցիաներում ներգրավել Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը: Քանի որ մի շարք կոնվենցիաների իրականացման ընթացքում պարբերաբար ի հայտ են գալիս խնդիրներ հարևան Ադրբեջանի հանրապետության հետ, պարոն Գաբրիելյանն առաջարկեց այդ խնդիրները որպես հնարավորություն օգտագործել և այդ պատճառով չհրաժարվել միջազգային կոնվենցիաներից:

Ըստ փորձագետ Արթուր Համբարձումյանի ազգային համակարգողների աշխատանքում առկա է համակարգային խնդիր: Նա առաջարկեց, որ ազգային համակարգողներն իրական հաշվետվություններ ներկայացնեն, լիազորությունների սահման դրվի և կոնվենցիաների հետ կապված գործունեության մեջ ներգրավվեն երիտասարդ մասնագետներ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փորձագետ Սեյրան Մինասյանը, կարևորելով միջազգային կոնվենցիաների իրականացման մեջ գիտնականների ներգրավումը, առաջարկեց նպատակային օգտագործել նրանց ներուժը:

Ամփոփելով աշխատանքը՝ մասնակիցները համաձայնվեցին հետևյալում.
• Հանձնարարել ԲՆ միջազգային վարչությանը ծրագիր մշակել կոնվենցիաների միջև խաչվող խնդիրների վերաբերյալ,
• Ձևավորել երիտասարդական նախաձեռնող խումբ՝ միջազգային կոնվենցիաներին ծանոթանալու և մասնակցելու համար,
• Առաջարկություն մշակել գիտական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ,
• Միջազգային կոնվենցիաներում ներգրավել ԼՂՀ-ը,
• Ներկայացնել տեղեկություն յուրաքանչյուր կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմների վերաբերյալ:

Պատրաստեց՝ Անուշ Բեյբությանը
Խմբագիր՝ Մարի Չաքրյան