2,023 view
«Սպառողների Աջակցման Կենտրոն» ՀԿ-ը խթանում է տեղական արտադրությանն ու հայկական ապրանքանիշերն ավելի ճանաչելի դարձնելու գործընթացին
26.12.2016
Նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը սպառողները www.armbrand.am կայքում կարող էին քվեարկել իրենց նախընտրած տեղական ապրանքանիշի համար: Այդ քվեարկությունը տեղի է ուենում ամեն տարի՝ սկսած 2012 թվականից, «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» խորագրի ներքո:
Դեկտեմբերի 16-ին, «Տաշիր» առևտրի կենտրոնի «Armenian Brands» հարթակում տեղի ունեցավ «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2016» չորրորդ ամենամյա մրցանակաբաշխության ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեցին 10 անվանակարգերում «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում – 2016» կոչմանն արժանացած ապրանքանիշերը:

«Սպառողների Աջակցման Կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը հայտարարեց 10 անվանակարգերում (գարեջուր, հաց, համեմունք, կոշիկ և այլն) հաղթող ճանաչված ապրանքանիշերի անունները և դրանց սեփականատերերին հանձնեց հավաստագրեր։

Ժողովրդական ապրանքանիշ №1 որոշող մրցանակաբաշխությունն այս տարի առանձնացավ նրանով, որ շնորհակալագրերի արժանացան զանգվածային լրատվության միջոցները՝ «Նովոստի Արմենիա» և «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունները` մրցանակաբաշխությանն աջակցելու և պատշաճ լուսաբանելու համար:

Վերջում կայացավ ավանդական դարձած նվերների խաղարկություն քվեարկողների համար: պատահականության սկզբունքով առաջին հաջողակը www.aarhus.am կայքի պատասխանատու խմբագիր Մարի Չաքրյանն էր, ով ստացավ «տեքստիլ» անվանակարգում հաղթող ճանաչված «Ալեքս տեքստիլ» ապրանքանիշի նվերները:

Խաղարկության համար նախատեսված 5 հաջողակներից բացի լրացուցիչ նվերներ ստացան նաև 3 քվեարկող, որոնց թվում էր նաև Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը: Նրանք մասնակցել էին օնլայն քվեարկությանը տեղական արտադրողներին խրախուսելու և հայկական ապրանքանիշերն ավելի ճանաչելի դարձնելու գործընթացին աջակցելու համար: «Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ հարյուրավոր քվեարկողների անունների մեջից դուրս բերեցին սկզբում գործընկերուհուս, ապա՝ իմ անունը: Մենք «Սպառողների Աջակցման Կենտրոն» ՀԿ հետ համագործակցում ենք վաղուց և ողջունում ենք նրանց ջանքերը հայաստանցի սպառողին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու և տեղական արտադրությունը խրախուսելու գործում»,- նշեց Սիլվա Այվազյանը մեզ հետ զրույցում:

Այս մրցանակաբաշխությունը բաց է ցանկացած մարդու համար, յուրաքանչյուրը կարող է մտնել ու քվեարկել իր նախընտրած ապրանքանիշի օգտին։ Կարևոր է միայն, որ սպառողը վստահի տեղական արտադրողներին ու նախընտրի հենց տեղական արտադրանքը։

Հաշվի առնելով, որ այս տարի քվեարկությանը մասնակցել է 650 մարդ, նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ մրցանակաբաշխությունն ավելի մեծ արձագանք կգտնի հասարակության շրջանում ու հաջորդ տարիներին քվեարկության մասնակցության ավելի բարձր տոկոս կգրանցվի։

Մանրամսները մալուլի հաղորդագրոթյունում: