345 view
Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում
16.12.2016
Դեկտեմբերի 12-ին «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ «Էկոլոգիական քաղաքականության բարելավման և կանաչ տնտեսության զարգացման խնդիրները հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ բնապահպանության նախարարությունը, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:Աշխատաժողովին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության, առողջապահության, էներգետիկայի և բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարությունների ու միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի նպատակն է մասնագիտական քննարկումների միջոցով բացահայտել ոլորտի մարտահրավերներն ու առաջնահերթությունները, նախանշել հանքային և ջրային ռեսուրսների շահագործման ոլորտում շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բարելավման ու կանաչ տնտեսություն ստեղծելու ուղիները:

«Շրջակա միջավայրին չվնասող կանաչ տնտեսության գաղափարը միասնական էկոլոգիական քաղաքականության հիմքը պետք է դառնա: Հայաստանի նման փոքր ու սահմանափակ բնական պաշարներով երկրի համար ուղղակի անհրաժեշտ է էկոլոգիական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահել»,- նշեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և հավելեց, որ միայն միասնական քաղաքականության և օրենքի ուժ ունեցող հայեցակարգերի միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ թեման արդիական և հրատապ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

«Հանքային և ջրային ռեսուրսների շահագործման հարցերը, էական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար: Այս ոլորտներում ակնհայտ է դառնում էկոլոգիական քաղաքականության նպատակային ու հետևողական իրականացման կարևորությունը: Ոլորտներ, որոնցում որոշման կայացումը պետք է հիմնված լինի բալանսավորման, ապագա սերունդների առջև պատասխանատվության, ինչպես նաև երկրի կայուն զարգացման սկզբունքն առաջ մղելու մոտեցումներով»,- ասաց նախարարը:

Բանախոսներն անդրադարձան նաև ջրային ռեսուրսների կառավարման, լեռնահանքային արդյունաբերության և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրներին, ներկայացրին Օրհուսի ու Էսպոյի կոնվենցիաները և ՀՀ ընդերքօգտագործման օրենսդրության բացերն ու առաջարկվող փոփոխությունները:

ԵՊՀ Կայուն Զարգացման կենտրոն