154 view
Կապանի Օրհուս կենտրոնի փորձագետների խորհուրդը հանդես է եկել Կապանի շրջակա միջավայրի վիճակի բարելավման առաջարկներով
01.12.2016
Նոյեմբերի 11-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ փորձագետների խորհրդի նիստ:
Օրակարգում` Կապան համայնքի շրջակա միջավայրի վիճակի բնութագրում և վերլուծում, կարիքների գնահատում և հիմնախնդիրների բացահայտում:
Կենտրոնի համակարգողը ներկայացրեց Կապան համայնքի բնության և շրջակա միջավայրի պահպանության իրավիճակը, կարիքների գնահատումը և հիմնախնդիրները, որը կազմվել էր փորձագետ Վ. Մարտիրոսյանի հետ: Յուրաքանչյուր փորձագետի առաջարկվեց ուսումնասիրել և կատարել մասնագիտական եզրակացություններ և առաջարկություններ:

Նպատակը քննարկված և հաստատված փաստաթուղթ ունենալն է, որը Օրհուս կենտրոնի միջնորդությամբ կներկայացվի Կապանի քաղաքապետարանին և Սյունիքի մարզպետարանին՝ նշված խնդիրներն ըստ առաջնահերթությունների պետական և դոնոր կազմակերպությունների միջոցով լուծելու համար:

Արամ Գրիգորյանը, մեջբերելով, որ կոմունալ կենցաղային ջրերի արտահոսքը դեպի Կապան քաղաքի բաց ավազան իրականացվում է առանց կոյուղատարերի, ինչպես Կավարտից, այնպես էլ՝ Բարաբաթ, Վաչագան, Բեխ, Շղարշիկ թաղամասերից, չբացառելով, որ այդ կեղտաջրերով հնարավոր է ոռոգվում են հարակից այգիներն, առաջարկեց կոյուղաջրերի արտանետումը բաց ավազան բացառելու համար կառուցել լոկալ մաքրման կայաններ, վերանորոգել Կապան քաղաքի ոռոգման համակարգը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը նշեց. «Այս խնդիրը կառաջացնի հակահամաճարակային համակարգի անկայունություն, բնակչության շրջանում տարափոխիչ հիվանդությունների վտանգ»: Առաջարկեց անհապաղ ապահովել կեղտաջրերի անվտանգ հեռացման ուղիներ:

Խորհրդի անդամ Սուսաննա Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց Վաչագան և Ողջի գետերի մաքրման խնդիրների վրա, Կապանի խմելու ջրի մաքրման կայանի խնդրի վրա: Չնայած նախորդ երկու տարում վարկային ծրագրով իրականացվել են 8մլն. Եվրոյին համարժեք վերանորոգման աշխատանքներ, ցավոք մաքրման կայանում կատարվել են միայն կոսմետիկ նորոգումներ և ներկայում անձրևոտ օրերին Կապան քաղաքը ստանում է անորակ ջուր:

Խորհրդի անդամներից Վլադիկ Ղուկասյանը ցավալիորեն նշեց, որ առավելապես խոսվում է հատուկ պահպանվող տարածքներում արածեցումների, Կապանին հարակից տարածքների գերարածեցումների մասին, սակայն այսօր շարունակվում են մեծ չափերի ապօրինի անտառահատումները: Անդրադառնալով աղբահանության խնդիրներին` նա առաջարկեց պոլիէթիլենային շշերի ու բաժակների հավաքման տարաներն ավելացնել փողոցներում:

Հանգամանալից խոսվեց 2014թ. «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի կողմից կազմված Կապան քաղաքի հարավային լանջերի անտառպատման բնապահպանական ծրագրի մասին: Ներկայացված ծրագրով նախատեսված էր 21 հա թեք հարավային լանջերին տնկել փռշնի, դրախտածառ, ուռատերև տանձենի և այլն, որոնք հողի խոնավության նկատմամբ պահանջկոտ չեն և ստեղծում են մացառուտներ, որոնք դրական կազդեն Կապանի միկրոկլիմայի վրա և ավելի կգեղեցկացնեն շրջակայքը: Նշվեց, որ Կապանի քաղաքապետարանի տարեկան բյուջեում անհրաժեշտ է նախատեսել գոնե 1հա ծառատունկ` իր կաթիլային ոռոգման ցանցով: Անհրաժեշտ է վերացնել ցուցադրական ծառատնկումները. «Երբ մեծ թվով լորենի ծառեր տնկվեցին քաղաք մտնող ճանապարհին ոչ պահանջված ձևով, շատ դժվարությամբ աճեցված տնկիները չորացան»:

Կայացվեց որոշում հավանություն տալ Կապան համայնքի իրավիճակի բնութագրում և վերլուծում, կարիքների գնահատում և հիմնախնդիրների բացահայտում «Բնության և շրջակա բնական միջավայրի պահպանություն» նախագծային առաջարկներին: Օրհուս կենտրոնի համակարգողը պատրաստակամություն հայտնեց, համապատասխան քննարկումներն անցնելուց հետո այն ներկայացնել Կապանի քաղաքապետարանին:

Կապան համայնքի զարգացման ծրագրի նախագիծ

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան