2,256 view

Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար

13.12.2016
Այսօր Երևանում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հովանու ներքո և միջազգային գործընկերների աջակցությամբ մեկնարկել է «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային 4-րդ համաժողովը: Այս անգամ այն կրում է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները» խորագիրը:
Համաժողովը նպատակ ունի հանրայնացնել ՄԱԿ-ի Սենդայի գործողությունների, «Կլիմայի

փոփոխության, փոփոխականության և հարմարվողականության» ու «Կայուն զարգացման» ծրագրերը, դրանց փոխկապակցման և իրականացման լավագույն փորձը, ներգրավելով բոլոր ոլորտների շահառու դերակատարներին՝ ընդգծել հանրային իրազեկման, տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների և գիտելիքի դերը կանխարգելման ու անվտանգության մշակույթի ձևավորման և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ենթահամակարգող Մադավի Արիաբանդուն:

Միջոցառումը բավականին ընդգրկուն է թե՛ մասնակիցների թվի, թե՛ աշխարհագրության առումով. մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, Կարմիր Խաչի, ԵԱՀԿ, Միգրացիայի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի անվանի փորձագետներ արտերկրից, աշխարհի ճանաչված լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողական և կրթական կենտրոնների, համալսարանների, ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:

Համաժողովի երկրորդ օրը կպատրաստվի հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթ՝ 2017թ. «Գլոբալ պլատֆորմ» համաժողովին (Մեքսիկա, 2017թ. մայիս) ներկայացնելու համար:
Տեղեկացնենք, որ «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային համաժողովը մեկնարկել է 2013թ.՝ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին և անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ:

Մարի Չարքյան