1,882 view

Էկոկրթությունը Արարատի մարզում ուշադրության կենտրոնում է

13.12.2016
Արարատ քաղաքի 3-րդ հիմնական դպրոցում Արարատի Օրհուս կենտրոնը նախօրեին անցկացրել է բնապահպանական դասընթաց, որին մասնակցել են կրթօջախի բարձր դասարանի ավելի քանի 25 աշակերտներ, ինչպես նաև նույն ուսումնական հաստատության ուսուցչական անձնակազմը:
Դասընթացն ընթացել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևով: Դասընթացավարը՝ Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը, ունկնդիրներին ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթները և Արարատի բնապահպանական հիմնախնդիրները, նաև անդրադարձ է կատարել Արարատ համայնքին մոտ գտնվող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկա վիճակին:

Դասընթացի ընթացքում քննարկում է ծավալվել Արարատի մարզի օդի և հողերի աղտոտվածության, ինչպես նաև կենդանական և թռչնաշխարհի ներկայացուցիչների վերաբերյալ:

Աշակերտները դասընթացավարից հետաքրքրվել են մարզում առկա այլ պահպանվող տարածքների մասին և ստացել սպառիչ պատասխաններ:

Դասընթացավարը նաև խոսել է անհետացած Գիլի լճի, ժամանակին այնտեղ բնակվող թռչնաշխարհի ներկայացուցիչների մասին, բացատրել, թե ինչպես ստացվեց, որ այդ տեսակները հետագայում բնակություն հաստատեցին Արմաշի լճերում:

Դպրոցի տնօրինությունը համակարգողին առաջարկել է, որ առաջիկա գարնանը մշակվի ծրագիր, որպեսզի երեխաների խումբը թռչնադիտարկում իրականացնի Արմաշի լճերում: Մինչ այդ Օրհուս կենտրոնը ևս մեկ դասընթաց կանցկացնի` նվիրված լուսանկարչությանը, որպեսզի երեխաները թռչնադիտարկմանը զուգահեռ լուսանկարներ անեն բնության գրկում:

Աշակերտները ցանկություն են հայտնել, որպեսզի հետագա դասընթացների թեմաները նվիրվեն ջրին, աղբին և օդի աղտոտվածությանը:

Օրհուսի համակարգողը վերջում դպրոցին է նվիրել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) կողմից պատրաստված նվերը, որի մեջ եղել են բնապահպանական քարտեզներ, որսագողությանը և Հայաստանի բուսական աշխարհին նվիրված գրքույկներ և սկավառակներ:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան