12,295 view

Ոռոգման արագահոս համակարգի վերանորոգում, թե՝ նոր ՀԷԿ-ի շինարարություն Կարբիում և Օհանավանում

07.03.2014
Տասն օր է արդեն, ինչ դժգոհության մեծ ալիք է բարձրացել Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան և հարակից գյուղերի բնակչության շրջանում, ինչի պատճառը Արզնի- Շամիրամ ջրանցքի վրա շինարարական աշխատանքների իրագործումն է և ըստ լուրերի` ՋրԷԿ –ի կառուցումը: Գյուղացիները մտահոգ են և խիստ անհանգստացած, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում տարածաշրջանի հինգ համայնքներ կհայտնվեն պտղատու այգիների ջրազրկման վտանգի առաջ:Կարբիի և Օհանավանի բնակիչները վրդովված են նաև այն պատճառով, որ շինարարական աշխատանքները սկսել են առանց իրենց տեղեկացնելու, համայնքի կարծիքը լսելու, իսկ կառուցապաատման վերաբերյալ իրենց

հարցադրումներին հակասական պատասխաններ են տրվում: Գյուղացիների համար դեռևս պարզ չէ, ոռոգման համակարգի վերանորոգում, թե նոր ՀԷԿ- ի շինարարություն է իրագործվում իրենց համայնքների տարածքում:Օրերս շինարարական այդ աշխատանքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով Ապարանի Օրհուս կենտրոն էին դիմել մի խումբ բնակիչներ և Ապարանի Օրհուս կենտրոնն արդեն խնդրի հետ կապված հարցումներ է ուղղել համապատասխան պետական կառույցներին պաշտոնական, մանրամասն տեղեկատվություն ստանալու վերաբերյալ:

Այսօր` մարտի 6-ին, վերը նշված համայնքների բնակիչներն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ծայրահեղ միջոցների են դիմել՝ ցանկանալով փակել Երևան-Վանաձոր ճանապարհը, իսկ կառուցման նպատակով բերված խողովակներն և տեխնիկան՝ դուրս նետել:

Հայտնիէ, որ վերը նշված տարածաշրջանների բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը կենսական նշանակություն ունեցող հողագործություննէ` այգեգործությունը: Թե՞ ինչ կշահի ՀէԿ-ի կառուցումից շարքային գյուղացին, կարելի է միայն ենթադրել, բայց որ ՀԷԿ-ի շահագործման նպատակով օգտագործվող ջուրը փոխում է իր քիմիական բաղադրությունն ու ֆիզիկական հատկությունները և ոռոգման համար դառնում անպիտան, գիտականորեն հիմնավորված է:

Նատալյա Մանուկյան

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող

Հեռ.` /374 252/ 6 23 60, /374 94/ 22 49 26

Էլ.փոստ info_aparan@aarhus.am, aarhusaparan@mail.ru