2,209 view
Ձեռնարկությունների արդյունավետ հաշվետվողականություն
09.12.2016
«Հանրային իրազեկման և մոնիտորինգիկենտրոն» ՀԿ-ն և Երևանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ Երևանի Օրհուս կենտրոնում ՀՀ-ում գործող բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող կազմակերպությունների ներկայացուցիչների համար անցկացվեց խորհրդատվական սեմինար: Այն կրում էր «Ձեռնարկությունների արդյունավետ հաշվետվողականություն» խորագիրը:

Սեմինարի օրակարգում ներառված էին մթնոլորտ արտանետումների թույլտվությունների տրամադրման գործընթացին, բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերի

հաշվարկման մեխանիզմներին, թափոնների անձնագրավորման կարգին, թափոնների տեղադրման համար նախատեսված վճարների դրույքաչափերին ու տեսչական ստուգումներին վերաբերող մի շարք հարցեր:

Հատկանշական էր Օրակարգի հիմնական՝ Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին արձանագրության (ԱԱՏՌ) վավերացման գործընթացին, մասնավորապես ազգային ռեգիստրի գործընթացինտնտեսվարող սուբյեկտների ներգրավման հարցը:Մասնակցում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գեո Պրո Մայնինգ», «Լիդիան ինտերնեշնլ», «Արմենալ»,«Մաքուր երկաթ», «Արարատ ցեմենտ», «Հրազդան ցեմենտ», «Հրազդանի ՋԷԿ» ընկերությունների ներկայացուցիչները, հիմնականում՝ էկոլոգները:

Բացի ոլորտում նախատեսվող փոփոխությունների ու նորությունների մասին տեղեկություններ ստանալուց, խորհրդատվական սեմինարի ներկայացուցիչները նաև իրենց հուզող հարցերը բարձրացրին ու քննարկեցին դրանք ԲՆ համապատասխան բաժինների պատասխանատուների հետ: Նրանք բարձրացրին մի շարք հարցեր ոլորտի օրենսդրության մեջ, իրավական ակտերում կամ կարգերում առկա հակասությունների վերաբերյալ, հանդես եկան առաջարկություններով: Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը համաձայնելով բարձրացված հարցերի հետ, տեղեկացրեց, որ դրանց ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում և շուտով կկարգավորվեն, ավելին՝ ներկայումս մշակվում է Համալիր թույլվությունների տրման մասին օրենքի նախագիծ, որով կկարգավորվեն առկա բոլոր խնդիրները:

ՀՀ բնապահպանության նախարարության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանը մասնակիցներին ներկայացրեց Մթնոլորտ արտանետումների թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն: Նա նշեց, որ անհրաժեշտ է անցնել թույլտվությունների տրման էլեկտրոնային տարբերակին, որը էապես կնպաստի այս գործընթացի պարզեցմանը:

ԱԱՏՌ արձանագրության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը խորհրդատվական սեմինարի մասնակիցներին ներկայացրեց ԱԱՏՌ արձանագրությունը, դրանում ներառված հրապարակման ենթակա քիմիական վնասակար նյութերը: Ներկայացրեց, թե ինչ տեսք ու բովանդակություն պետք է ունենա ազգային ռեգիստրը, ինչու է այն կարևոր ձեռնարկությունների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու ու հանրությանը շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն տրամադրելու առումով:

Մասմնակիցներից շատերը հավաստիացրին, որ իրենք պատրաստ են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, քանի որ այսպես թե այնպես տարբեր ձևաչափերով տրամադրում են դրանք ԲՆ-ի համապատասխան բաժիններին կամ Ազգային վիճակագրական ծառայությանը: Բայց նշեցին նաև այդ տեղեկատվության հրապարակման ռիսկերի մասին՝ պատճառաբանելով, որ հանրությունը պատրաստ չէ դեռևս նման տեղեկատվության, որ հրապարակվելիք տվյալները կարող են շահարկվել ՀԿ-ների կողմից ու հանրության շրջանում ավելորդ խուճապի կամ խոսակցությունների առիթ դառնալ:

Մարի Չաքրյան
Կայքի պատասխանատու խմբագիր