2,236 view
Օրհուսի կոնվենցիան ու էկոլոգիական իրավունքները ապագա որոշում կայացնողների համար
07.12.2016
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով երիտասարդների էկոկրթությունը, նրանցձայնը ապագայում շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում, անցկացրել է դասընթացներ բարձր դասարանների աշակերտների համար:

Կազմակերպության նախագահ Մարի Չաքրյանը և Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն այցելել են Երևանի Գ.Չաուշի անվան համար 188 հիմնական դպրոց, որտեղ անցկացրել են դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար:

Աշակերտներին ներկայացվել է Օրհուսի կոնվենցիան՝ որպես մարդու էկոլոգիական իրավունքների պրակտիկ գործիք: Թե այն ինչպես է խթան հանդիսանում որոշումների կայացմանը հանրության մասնակցության համար, ինչպես է ապահովում հանրության իրազեկված լինելու, մասնակցելու և վերջնական որոշման վրա ազդելու իրավունքները:

Պատանիներն ու աղջիկները ակտիվ մասնակցել են դասախոսության ընթացում բարձրացված հարցերի քննարկմանը, հետաքրքրվել տեղեկատվության ձեռքբերման եղանակների, մասնակցության ու արդարադատությանը դիմելու իրենց իրավունքների մասին:

Հաջորդ դասընթացը կազմակերպության նախագահն ու փորձագետ Անուշ Բեյբությանն անցկացրել են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի դպրոցի 10-12-րդ դասարանցիների համար, որտեղ նմանատիպ դասընթաց առաջին անգամ էր անցկացվում: Այստեղ փորձ է արվել շրջակա միջավայրի տարրերի փոխկապակցվածությունը ցույց տալ խաղի միջոցով. յուրաքանչյուր աշակերտ ստանձնել է որոշակի դեր ու կարևորել այն առողջ շրջակա միջավայրի պահպանության գործում:
Դասընթացներն անցկացվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակում:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ հետ համագործակցությամբ, դպրոցներում հատուկ դասընթաց է անցկացվել նաև Կլիմայի փոփոխության մասին՝ կարևորելով երիտասարդների իրազեկությունը մեր կյանքում կլիմայի փոփոխության հետևանքով տեղի ունեցող փոփոխությունների, մարդու կյանքին սպառնացող վտանգների ու դրանց լուծման գործում յուրաքանչյուրի մասնակցության մասին: Դպրոցներին տրամադրվել է կազմակերպության կողմից, Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսական աջակցությամբ, «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակում մշակված ու հրատարակված «Պահպանենք մեր Մոլորակի կլիման» ուսումնական օժանդակ փաթեթը:

Մարի Չաքրյան
Կայքի պատասխանատու խմբագիր