1,792 view
Արդյոք ի՞նչն է Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը
10.12.2016
Լոռու մարզի Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնվում է Ստեփանավան քաղաքից 7.5 կմ հեռավորության վրա: Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքն սկսել է շահագործվել 2005 թվականից, պաշտոնապես փակ եղանակով:

Սակայն շուրջ 10 տարվա ընթացքում հանքի թափոնները պարբերաբար հայտնվել են Ձորագետում, որը հանդիսանում է անդրսահմանային Դեբեդ գետի գլխավոր վտակը, Արմանիսի դպրոցի բակում, ճանապարհների եզրերին, դաշտերում:

Նշված խախտումները վերացնելու նպատակով բազմիցս բարձրաձայնել ենք, շահագրգիռ կազմակերպություններին ներգրավելով գտել լուծումներ՝ հասնելով շոշափելի արդյունքների:2015թ-ին շահագործող ընկերությունը՝ «Սագամար» ՓԲԸ-ն, բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց Արմանիսի հանքի ընդլայնման ծրագիրը, ստացավ դրական եզրակացություն, սակայն դադարեցրեց հանքի շահագործումը՝ որպես ժառանգություն թողնելով թափոններով աղտոտված տարածքներ:

2015 թ-ի հուլիս ամսից Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող ձեռնարկությունը չի աշխատում, սակայն շարունակում է աղտոտել շրջակա միջավայրը: Հանքում աշխատող մասնագետները կրճատվել են և ցրվել, անցել աշխատանքի այլ հանքերում, այլ աշխատանքների: Փորձել ենք տարբեր աղբյուրներից ստանալ ստույգ ինֆորմացիա՝ պարզելու հանքի կանգնելու պատճառը, սակայն ոչ մի համոզիչ պատասխան չենք ստացել: Թվում է, թե հանքի փակման ծրագիր ընդհանրապես գոյություն չունի:

Մինչդեռ, ՀՀ Էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարի 2011 թ. դեկտեմբերի 30-ի N 249-Ն հրամանի համաձայն, օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումին կից պետք է ներկայացված լիներ հանքի փակման ծրագիր, իր չորս բաղադրիչներով՝ ֆիզիկական փակում, շրջակա միջավայրի վերականգնում, աշխատուժի մեղմացում և ֆինանսական երաշխիքներ (http://www.arlis.am/documentview.aspx?docID=73737 ):

Հանրության շրջանում ակամա ծագում են մի շարք հարցեր, որոնցով նրանք դիմում են Ստեփանավանի Օրհուս կենտրոն.
• Ո՞րն է Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի կանգնելու իրական պատճառը, որքան ժամանակ է այն շարունակվելու:
• Եթե հանքը փակվել է, ինչպես շատերն են ասում, որը ոչ պաշտոնական տեղեկատվություն է, ապա Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը շահագործող «Սագամար» ընկերությունմն ըստ ՀՀ օրենքի պետք է անցներ ՇՄԱԳ, կատարեր հանրային քննարկումներ, ինչը չի իրականացվել:
• Ո՞րտեղ և ի՞նչպես պետք է ուտիլիզացվեն Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի թափոնները:
• Որն է լինելու Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքի հետագա ճակատագիրը:

Կենտրոնը ձեռնամուծ է եղել այս հարցերի մասին պաշտոնական տեղեկատվության հայթայթմանը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան