643 view
Հայաստանն արդյո՞ք պատրաստ է Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին արձանագրության վավերացմանը
01.12.2016
2016թ. նոյեմբերի 23-24-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում, Ազգերի պալատում տեղի ունեցավ Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի (ԱԱՏՌ) մասին արձանագրության կողմերի աշխատանքային խմբի հանդիպումը:
Հանդիպմանը Հայաստանից մասնակցեցին ԱԱՏՌ արձանագրության Ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Մարտիրոսյանը, ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ Հարություն Մովսիսյանը և Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:
Աշխատանքային խումբը քննարկեց արձանագրության ուղղությամբ կատարված քայլերը երկրներում: Ողջունվեց Մալթայի և Ուկրաինայի նորամուտը՝ որպես արձանագրության կողմ երկրներ:

Քննարկվեց ԱԱՏՌ արձանագրության կապը և համապատասխանությունը այլ կոնվենցիաների հետ: Օրհուսի կոնվենցիայի և ԱԱՏՌ արձանագրության քարտուղարությունը կոչ արեց երկրներին սերտ համագործակցել «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին», «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին», «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին» և մի շարք այլ կոնվենցիաների ազգային համակարգողների հետ և տվյալներ փոխանակել, քանի որ այս կոնվենցիաները նույնպես հետապնդում են տվյալների բազաների ստեղծման նպատակներ:Հայաստանի ներկայացուցիչն այս մասով առաջարկ ներկայացրեց, որպեսզի արտանետումների հաշվարկների մեխանիզմները համապատասխանեցվեն և հողի, ջրի ու մթնոլորտի արտանետումների հաշվարկման համար ընդունվի մեկ միասնական մեթոդաբանություն:

Էլեկտրոնային տեղեկատվական գործիքների նպատակային կիրառման մասով քարտուղարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ www.prtr.net գլոբալ պորտալն այժմ գտնվում է թարմացման փուլում և շուտով այն վերստին կգործի: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ներկայացուցիչը ներկայացրեց մեկ այլ էլեկտրոնային տեղեկատվական գործիք` PRTR-Learn՝ որպես նոր հարթակԱԱՏՌ արձանագրությանն առնչվող հարցերի քննարկման համար, որը ևս շուտով կգործարկվի:

Քննարկվեցին նաև երկրների կողմից ամենամյա վճարների ավելացման հարցերը: Եվրամիության ներկայացուցիչներն առաջարկ էին ներկայացրել քարտուղարությանը, որպեսզի ամենամյա վճարները նախկին «կամավորի» փոխարեն դարձվեն «պարտադիր», իսկ նախկին 500 եվրո վճարը դառնա՝ 1000 և՛ արձանագրության կողմ, և՛ այն ստորագրած երկրների համար:

Հայաստանում արձանագրության ազգային համակարգողն այս մասով առարկություն ներկայացրեց՝ նշելով, որ մեր Կառավարությունը պատրաստ չէ վճարելու այդ գումարը: Նա նաև սխալ համարեց ամենամյա վճարի միևնույն սահմանաչափի հաստատումը ինչպես կողմ, այնպես էլ՝ արձանագրությունը ստորագրած երկրների համար:

Հանդիպման առանցքային հարցերից էր նաև 2017թ. սեպտեմբերին Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ և ԱԱՏՌ արձանագրության կողմերի 3-րդ հանդիպման նախապատրաստական աշխատանքը: Քննարկվեց Բուդվայի հռչակագրի նախագիծը, որը տեղադրված է քարտուղարության կայքում և դեռևս բաց է առաջարկների ներկայացման համար (http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/prtr/WGP-5/ODS/RUS/ECE_MP.PRTR_WG.1_2016_13_R.pdf):

Հիշեցնենք, որ Հայաստանը արձանագրությունը ստորագրել է 2003թ., սակայն մինչ այժմ չի վավերացրել և ըստ ազգային համակարգողի մեր երկրում մի շարք խոչընդոտներ կան այդ ուղղությամբ՝ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ տեխնիկական առումներով: Ըստ Նունե Հովհաննիսյանի Արտանետումների ազգային ռեգիստրի ստեղծման համար նախևառաջ պետք է հիմքեր ստեղծել` համակարգչային ծրագրի տեղայնացում և տեղադրում, տեխնիկական հզորությունների զարգացում ձեռնարկություններում և այլն:

Հայաստանի Օրհուս կենտրոնների և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կարծիքով արձանագրության վավերացման կարելի է հասնել ոչ միանգամից, այլ՝ աստիճանաբար, փոքր քայլերով:

Հայաստանի կողմից մի շարք կոնվենցիաների վավերացումը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանն ու մատչելիությանը, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը (EITI),լրացուցիչ հիմք և խթան կարող են լինել ԱԱՏՌ արձանագրության Հայաստանի կողմից վավերացման և այս ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:
Հայաստանում ներկայումս տարբեր ծառայությունների կողմից մասամբ իրականացվում են աղտոտիչների արտանետումների արձանագրման մասով որոշակի աշխատանքներ՝ արտանետումների մշտադիտարկումները մոնիթորինգային կենտրոնների կողմից, որոշ ձեռնարկատերերի կողմից արտանետումների վերաբերյալվիճակագրական ծառայություններ տվյալների ներկայացումը և այլն: Այս ամենի համախմբման և մեկ միասնական մեթոդաբանությամբ ներկայացման համար բավականին մեծ հնարավորություններ կան, ինչն էլ կարող է նպաստել ԱԱՏՌ-ի արձանագրության վավերացմանը:

Տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների համար Երևանի Օրհուս կենտրոնի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ համատեղ առաջիկա սեմինարի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը ԱԱՏՌ արձանագրությունն է: Նախատեսվում է սեմինարի արդյունքների մասին տեղեկացնել արձանագրության աշխատանքային խմբին:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հարություն Մովսիսյան
ԵՊՀ «Կայուն զարգացման կենտրոնի» փորձագետ
Խմբագիր՝ Մարի Չաքրյան