2,672 view
Երկու տարի անց վերստին բարձրացվում է Ֆիոլետովոյի ոսկու հանքի շահագործման հարցը
06.12.2016
Ֆիոլետովո գյուղի բնակիչները երկու տարի առաջ հանկարծակիի էին եկել, երբ պատահաբար տեղեկացել էին, որ իրենց գյուղի հարևանությամբ ոսկու հանք կա, որն ինչ-որ անձիք ցանկանում են շահագործել:
Նրանք դիմել էին Ստեփանավանի Օրհուս կենտրոն՝ այդ հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ հավաստի տեղեկություններ և փորձագիտական օգնություն տրամադրելու խնդրանքով: Կենտրոնի համակարգողի օգնությամբ նրանք նամակով դիմել էին համապատասխան ատյաններին, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունն ու մտավախությունները:
ԵԱՀԿ դեսպանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի միջորդությամբ բարձրացված հարցը ստացավ լուծում, հանքի բացումը կասեցվեց
(http://aarhus.am/?page_id=8480), միաժամանակ շարունակվում էին շշուկներն այն մասին, որ կասեցումը ժամանակավոր է (http://aarhus.am/?page_id=8798):

Երկու տարի անց վերսկսվում է «ոսկու տենդը»: Սույն տեղեկությունը շատ զարմացնում և զայրացնում է գյուղացիներին, քանի որ նրանք արդեն իսկ նախագծի վերաբերյալ հայտնել են իրենց բացասական կարծիքը, որ չեն պատրաստվում հանձնել իրենց պապական բերրի հողերը, չեն ուզում փոխել իրենց կենցաղն ու մշակույթը և թույլ չեն տա աղտոտել հարազատ գյուղի ջուրը, օդը, հողը: Նրանք բազմիցս են ասել, որ չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից, շարունակելու են աշխատել՝ ստեղծելով բարիք մեր երկրի ժողովրդի համար:Այսօր բնակիչներից տեղեկացանք, որ հանքի շահագործման նախագծի հեղինակներն իրենց սարեր են խոստանում՝ ասելով. «Երկու տարի անցել է, լավ մտածեք»: Խոստանում են բնակիչներին հանքի շահույթի 20%-ը, հավաստիացնում, որ հանքը շահագործելուն են փակ եղանակով և այլն:

Դեկտեմբերի 7-ին, ժամը 12-ին Հրազդանից Ֆիոլետովո են ժամանելու հանքի տերերը՝ ներկայացնելու բնակիչներին իրենց ծրագիը:

Հայաստանի Հանրապետության մասշտաբով գուցե փոքրիկ թվացող այս խնդիրը սպառնում է իրենց երկրորդ հայրենիքը վերագտած, համախմբված կենսակերպ ունեցող այս ռուս ժողովրդի գոյությանը: Դարեր շարունակ այս գողտրիկ անկյունում իրենց իսկ ձեռքով հարմարավետ ու խաղաղ բնակավայր կառուցած, աշխատասեր ու կարգապահ այս մարդկանց կյանքի բնականոն ընթացքը հանկարծակիորեն կարող է բեկվել՝ ոսկու տենդով տառապող ձեռներեցների ու որոշում կայացնողների անշրջահայաց գտնվելու պատճառով:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չարքյան