1,730 view
«Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլումն ազգային օրենսդրությունում» աշխատաժողովի արդյունքները
03.12.2016
Դեկտեմբերի 2-ին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության և «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ համագործակցությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված ազգային օրենսդրությունում Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների արտացոլմանը և այդ համատեքստում շրջակա միջավայրի հարցերով արդարադատության մատչելիությանը:

Աշխատաժողովին հրավիրված էին շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչները:

Բացման խոսքը վերապահված էր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ԵԱՀԿ դեսպան Արգո Ավակովին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Բնապահպանության նախարարն իր ողջույնի խոսքում Հայաստանի կողմից վավերացրած բազում կոնվենցիաների թվում առանձնացրեց Օրհուսի կոնվենցիան՝ որպես մարդու ամենօրյա գործունեության մեջ ուղղակիորեն արտացոլվող փաստաթուղթ: Կարևորեց ազգային օրենսդրության համապատասխանեցումը կոնվենցիայի հիմնական սկզբունքներին՝ ի նպաստ բնապահպանության ոլորտի լիարժեք և արդյունավետ իրավական կարգավորման՝ ավելացնելով, որ դեռ անելիքներ կան ապագա սերունդների համար շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ համակարգ ձևավորելու տեսակետից: «ԵԱՀԿ գրասենյակի կողմից Բնապահպանության նախարարության հետ միասին 15 Օրհուս կենտրոնների (ՕԿ) ձևավորումը և դրանց գործունեությունը ցույց են տալիս, որ հասարակությունում առաջանում են արդարադատության մատչելիության առումով առավել ընդգրկուն օրենսդրություն ապահովելու նորանոր պահանջներ»,- եզրափակեց նախարարը:

Մարդու իրավունքների պաշտպանը, բնապահպանությունն առավել զգայուն ոլորտ որակելով, ողջունեց համատեղ աշխատանքը: Առողջ շրջակա միջավայր և օրենքով պաշտպանված շահեր ունենալու հանրային մեծ պահանջը բավարարելու համար կարևորեց պրակտիկ մեխանիզմների ստեղծումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հայտնեց ԵԱՀԿ գրասենյակի շարունակական աջակցության պատրաստակամությունը շրջակա միջավայրի պահպանության խնդիրների լուծման գործընթացում կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության կարգավորման գործում: Առաջնահերթությունը տալով կոնկրետ մարզի, քաղաքի բնակիչների հետաքրքրություններին՝ նշեց, որ որոշումները չպետք է պարտադրվեն հանրությանը, պետք է համատեղ լինեն: «Հենց այստեղ եմ ես տեսնում ԵԱՀԿ դերը»,- նշեց ԵԱՀԿ դեսպանն՝ ավելացնելով, որ հնարավոր չէ խոսել երկրի անվտանգության մասին՝ անտեսելով կայունության և էկոլոգիական անվտանգության հարցերը:

«Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ փորձագետները՝ պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ ներկայացրին արդարադատության մատչելիության հնարավոր զարգացումները և ծագած հիմնախնիրների լուծման իրենց տարբերակները, պատասխանեցին աշխատաժողովի մասնակիցների հարցերին:

Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներն ընդմիջման ժամանակ հնարավորություն ունեցան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկելու ՕԿ-ների առաքելությունն ու այն մարտահրավերները, որոնց արագ արձագանքմանը պետք է միտված լինի կենտրոնների հետագա գործունեությունը: Դեպանը կարևորեց կենտրոնների դերը՝ որպես կարևոր օղակ հասարակություն- կառավարման մարմիններ շղթայում:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը