2,711 view
Շրջակա միջավայրի մասին տեղեկատվության աղբյուրները երիտասարդ լրագրողների համար
28.11.2016
Նոյեմբերի 18-ին Երևանի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի հեռուստավարպետության խմբի ուսանողներին: Նրանց էին միացել նաև կենտրոնի կամավորները՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներ, ովքեր ևս հետարքրքված էին շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային աղբյուրներով:Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն ուսանողներին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը, Օրհուս կենտրոնների ցանցին ու, թե ինչ դեր ունեն կենտրոնները Հայաստանում

Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործում:«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի Օրհուս կենտրոնների կայքի պատասխանատու Մարի Չաքրյանը ներկայացրեց www.aarhus.am կայքը և Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքի քարտեզը: Նա կարևորեց կոնվենցիայի դրույթների, կից փաստաթղթերի, ուղղումների, կոնվենցիայի իրականացման ու համապատասխանության մասին տեղեկատվության ստացումն անմիջապես պաշտոնական աղբյուրից: Ցույց տվեց, թե ինչպես կարելի է կայքում գտնել Հայաստանին վերաբերող որոշումներն ու պաշտոնական նամակագրությունները, ինչպես տեղեկանալ կայացած ու սպասվող միջոցառումների մասին http://www.unece.org/env/pp/welcome.html :

Նա հատկապես կարևորեց կոնվենցիայի ներքո ստեղծված տեղեկատվության համակարգման մեխանիզմը (Clearinghouse), որը միավորում է կոնվենցիայի հետ առնչություն ունեցող բոլոր տեղեկությունները աշխարհի բոլոր ծագերից: Այն ներկայումս վերագործարկամն փուլում է, սակայն շուտով հասանելի կլինի օգտատերերի համար:Կազմակերպության փորձագետ Անուշ Բեյբությանը խոսեց հաղորդակցության ռիսկերի մասին, թե որ դեպքում ինչ ինֆորմացիա կարելի է տալ, ինչ չափաբաժիններով և ինչպես, որպեսզի այն ավելորդ խուճապ կամ թյուրիմացություն չառաջացնի հանրության շրջանում և ծառայի նպատակին, միաժամանակ չկորչի ներկայիս տեղեկատվական հորձանուտում:Բնապահպանության նախարարության Տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ-ի մասնագետ Գոհար Հարությունյանը, խոսելով Շրջակա միջավայրի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվության շտեմարանների մասին, ներկայացրեց SEIS Sevan նոր կայքը` որպես Էկոլոգիական տեղեկատվության ընդհանուր համակարգի (SEIS) մեկնարկային ազգային նախագիծ: Այն հատկապես հետաքրքական է նրանով, որ լրագրողներն իրենց հետաքրքրող տեղեկատվությունը կարող են ձեռքբերել ոչ միայն թվերի ու տեքստի տեսքով, այլև՝ գծապատկերների ու քարտեզների, որոնք առավել բովանդակալից են և տեսողական առումով առավել տպավորիչ:Սեմինարն իրականացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը՝ լուծելու շրջակա միջավայրին առնչվող հարցերը» ծրագրի շրջանակում:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը